Խանութ մտավ մի կին, արտաքինից անմիջապես հասկացա, որ «մերոնցից» է։ Խառը տարիք ուներ, չէի կարող ոչ ծեր ասել ոչ էլ երիտասարդ, ոչ գեղեցիկ, ոչ էլ տգեղ... Դեմքին դաջված էր տառապանք… Աչքս ընկավ ձեռքերին, ինձ համար ձեռքերը շատ խոսուն են՝ տանջված, կոշտացած, նիհարիկ մարմնին ոչ համապատասխան խոշոր, գուցե եւ այտուցված էին... Սկսեցի վերլուծումս մտքիս մեջ, արդեն պատկերացնում էի թե ինչ ծանր կյանք է ունեցել:
Չսխալվեցի...
Երկրաշարժի գոտուց էր: Երկու զույգ տղաներ ուներ, հրաշքով ողջ ընտանիքը ողջ էր մնացել: Մեկ օր ու կես հետո էին հանել փլատակների տակից իրեն ու զույգ տղաներին, ինքը տանն էր եղել փոքրիկների հետ, իսկ ամուսինը դուրս էր եկել գնումների... Ասում էր, թե ամուսինը օր ու կես չէր դադարել գոռալով հուսադրել իրենց, մինչեւ որ հասել էր օգնությունը... Մի քանի օր անց ամուսինը հիվանդանում է, սրտամկանի ինֆարկտով, երիտասարդ, ընդամենը երեսունութ տարեկան, բախտի բերմամբ բարեհաջող ավարտ է ունենում հիվանդությունը, ապաքինվում է…
Սակայն ապրելը դառնում է անհնար՝ աշխատանք չկար, հիվանդությունից հետո ծանր ֆիզիկական գործեր այլեւս չէր կարողանում անել ամուսինը… Հոգսը հիմնականում ընկնում է կնոջ ուսերին...
Շատ շատերի նման իրենք էլ բռնում են պանդուխտի ցուպը եւ հասնում Սալոնիկ... Ամուսնու հիվանդությունը այստեղ բարդանում է էլ ավելի, որը կլիմայի փոփոխությունն, որը պանդուխտի հազար ու մի հոգսերով ծանրաբեռնված կյանքը հավերժի ճամփորդ են դարձնում երիտասարդ ամուսնուն... Մնում է մեն մենակ երկու փոքր զավակների հետ։ Գիշերը ցերեկ էր դարձրել, ցերկն էլ գիշեր ու աշխատում էր անդադար մի գործից մյուսը վազելով… Երեխաները գրեթե ինքնուրույն էին մեծանում: Հրաշք էր, Աստծո օգնությունն էր, որ այդքան մենակ մնալով երեխաները, երբեք վատ ուղղությամբ չգնացին... Դեռ տան գործերն էլ մի կողմից. սովորեցին, ավարտեցին... փորձում են հիմա ոտքի կանգնել... Կինը խոսում էր, իսկ աչքերս գամված էին մնում մեկ ձեռքերին մեկ դեմքին: Մտքումս ասում էի Տեր Աստված ինչե՞ր չի տեսել այս կինը, ինչքա՞ն են աշխատել այս ձեռքերը, որքա՞ն է թաքուն երեխաների աչքերից հեռու լացել, չի հասցրել նույնիսկ սիրել ու գուրգուրել որդիներին: Կարոտ է մնացել որդիներին… Իր կողքին են եղել մշտապես, բայց կարոտ է մնացել... Եւ երբ հիմա եկել է նրանցով ուրախանալու, վայելելու իր տառապանքի արդյունքները, խորացած տարիքում հանգստանալու նրանց գրկում, կուտակված կարոտն առնելու պահը, հայտնվում է նա` իգական սեռի հայուհի «կոբրան»: Սիրահարվում տղաներից մեկին… Ծանոթության հենց առաջին օրը մտնում է անկողին, մոռացեք թասիբ-նամուս հասկացողությունը, հղիանում է...
Ահա եկավ եւ ամուսնության պահը... Խեղճ կինը չգիտեր ուրախանա՞ր, թե…
Ախր դեռ տղայից կարոտը չէր առել։ Բայց ուրախացած ընդունեց լուրը: Մտքում կրկնելով երջանիկ, տղայիս որդին երկու անգամ ավելի որդի է, եւ երջանիկ, որ հարսը` ՀԱՅՈՒՀԻ է...
Էհ, կարկուտը ծեծած տեղն է ծեծում…
Ուրախացած էր թոռնիկի գալուստով: Մի օր տղան եկավ տուն տխուր անտրամադիր «մոռացա նշել, որ հայուհին ապրում էր ծնողների տանը, իսկ տղան շարունակում էր ապրել մոր ու եղբոր հետ, այն հույսով, որ կամուսնանա ու կնոջը կբերի տուն» թե. -այ մամ, «X»-ը ասում է, որ չի ուզում ախպերս ու դու լինեք իմ կյանքում, որ գնամ իրենց տանը ապրեմ, ու մեր մեջ բոլոր կապերը կտրվեն... Խեղճ կին, ոնց դիմանար, բայց դիմացավ -սիրտը քար դարձրեց, թախծոտ հայացքն ուղղեց տղայի աչքերին ու. -...Գնա՛ տղաս, գնա՛… մենք հեռվից կուրախանանք քո հաջողությունների ու երջանկության համար, գնա՛ տղաս...
-Մամ, իսկ իմ սրտին հարցրե՞լ ես, ես ուրախ կլինե՞մ առանց ձեզ: Դու ու ախպերս իմ ընտանիքն եք ու մենք միասին մի ամբողջություն ենք, ես առանց ձեզ չկամ: Երբ որ դու չես լինի այս կյանքում, կին թե աղջիկ, ինչքան ասես կլինեն իմ կյանքում, բայց արի ու տես, որ մայր ու եղբայր այդպես էլ չեմ կարողանալու գտնել… Չէ՛, մամ, չէ՛, չեմ գնա մամ... Մենք միասին ենք մի ամբողջություն ու երջանիկ ընտանիք, թեպես եւ հայրս… Չէ մամ ջան ոչ մի նման կինն երբեք չի փոխարինի իմ գեղեցիկ ընտանիքին..