«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով եւ զենքի ուժով լուծել:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաեւ ատրճանակը:
Եւ ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել:
Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի: Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաեւ ինքնաձիգ: ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հին պատմություն ունի. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավար է ընտրվել Երանոսյանի բարեկամ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը, հիմա նրա նախկին մրցակիցը՝ Մելիք Մելքոնյանը, ՕՐՕ դաշինքի կազմում է, եւ վեճը այդտեղից է սկսվել: Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ իշխանություններին հաջողվեց ԱԺ այս ընտրությունները, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են, իջեցնել «թաղի տղերքի ընտրության» մակարդակի՝ վարկաբեկելով այն:
Բարձրաստիճան ոստիկաններն իրենց պահում են թաղային խուժանի նման, երբ անձամբ են ծեծկռտուքներին մասնակցում (չնայած՝ Սարի թաղի հայտնի միջադեպերի գլխավոր հերոսներ Լեւոն եւ Լեռնիկ Երանոսյաններից այլ բան պետք չէր սպասել):
armlur.am