Հոգետանջ մի ինքնաբացահայտում…Այդ որտե՞ղ ենք սխալ թույլ տվել
2017-03-15 13:20:00
Չարենցի «Դանթեական առասպել» պոեմն ենք ուսումնասիրում 11-րդ դասարանում: 18-ամյա բանաստեղծի քնարական վերապրումն է` անցած դարասկզբի հայրենիքի, ազգային ցավի մասին: Ականատես գրողը վերարտադրում է Վանի ողբերգությունը, որ ուղեկցվում է դժոխային պատկերների նկարագրությամբ: Աշակերտուհիներից մեկը բարձրաձայնում է, թե որքանով է ճիշտ, որ իրենք անցնում են այդ պոեմը, որտեղ ահասարսուռ պատկերներ են` կամավորական զորքերին անդամագրված գրողի տպավորություններով: 
Հակադարձում եմ նրան, որ պետք է անցյալը միշտ էլ վերհիշել, այդ նույնն է, որ մոռացության տանք 92-ի զոհերին, մեր անցած ճանապարհը: Մեկ ուրիշ աշակերտուհու արձագանք ուսուցչուհուս մի նոր զարմանք է պատճառում, թե ինչ կարևոր է, որ իրենք հիշեն նաև նրանց մասին:
Մենք չե՞նք կարողանում դաստիարակության ճիշտ ճանապարհով տանել սերնդին, թե ժամանակներն են փոխվել, ու կանգնած ենք նոր բացահայտումների առջև: Տարիներ շարունակ այն համոզմունքին եմ մնացել, որ Արցախի կրթության համակարգը հագեցած է լավագույն ուսուցիչներով, ովքեր արժանապատվորեն են կատարում իրենց վերապահված առաքելությունը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում` ի նպաստ մեր երկրի հզորացմանն ու բարգավաճմանը: Իսկ այսօրվա սերունդը լի է հետաքրքրություններով, սեփական կարծիքներով, ազատամիտ գաղափարներով, բարոյական բարձր արժեքներով, նա վաղը այս երկրի արժանի տերն է դառնալու, նաև համոզված եմ, որ ազատություն սիրող այսօրվա սերունդն է կերտելու ազատ ու անկախ Արցախը:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրվա դպրոցը հայրենիքի պաշտպանի ձևավորման բարդ և պատասխանատու աշխատանքն է կատարում, իսկ այսօրվա սերունդն Արցախյան ազատամարտում հաղթանակած ժողովրդի սերունդն է, որ այսօր սահմանի մոտ նոր հաղթանակներ է արձանագրում իր անմահությամբ` սերտած լինելով բարոյական այն բոլոր բարձր արժեքները, որ սերմանել ենք դպրոցում: Իսկ մանկավարժի աշխատանքը մարդ կերտելու արվեստ է, և մարդակերտման գործում այսօրվա դպրոցը բավարար հիմքեր ունի բարձրաձայնելու, քանի որ դպրոցական նստարանից է սկսում ձևավորվել հայրենիքի պաշտպանության գաղափարը:
Այսօր մեր առջև նստած են նաև բազմակողմանիորեն զարգացած աշակերտներ` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, այսօրվա ուսուցիչը այդ տեսանկյունով նույնիսկ, կարելի է ասել, մի քանի քայլ հետ է մնում աշակերտներից: Չմոռանալով նաև ավանդական կրթության որոշ առավելություններ` հաստատակամորեն կարող եմ ասել, որ ժամանակները փոխվել են, մենք չենք կարող նախկին ստրկամիտ գաղափարներով դաստիարակել մեր աշակերտներին, որ հատուկ է եղել խորհրդային տարիների կրթությանը: Չեմ ուզում զերծ մնալ նաև այն բոլոր թերություններից, որ առկա են այսօրվա կրթության ոլորտում` կապված բուհական ընդունելության և այլ երևույթների հետ, բայց բարձրաձայն կարող եմ ասել, որ մենք ձևավորում ենք ապագա արհեստավորին, շինարարին, բժշկին, ուսուցչին, գիտնականին և շա~տ- շատերին` շարունակելով մեր նախորդների առաքելությունը:
Այսօր կանգնած եմ երկընտրանքի առջև: Պատանի հանճարը ազգային ողբերգությունն է նկարագրել, նա ազգին փրկելու ուղիներ է որոնել, որը տեսավ մեր ժողովրդի հավաքական ուժի մեջ, և այսօր էլ այն արդիական հնչողություն ունի, բայց երբեմն այս սերնդի մեջ տեղատվության անորոշությանն են հակադրվում, որ հայրենիքի անցած տագնապալից ճանապարհը ներկա օրերում չեն ուզում տեսնել, երբ այսօր էլ գտնվում ենք այդ տագնապահարույց վիճակում: Հոգետանջ մի ինքնաբացահայտում ուսուցչուհուս դատապարտում է ներքին ընդվզումների: Երբեմն սերունդը փորձում է խուսափել անցյալի ցավալի տրամադրություններից… Բայց որտե՞ղ ենք սխալ թույլ տվել…

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 11096 անգամ