Մարտի 14-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը, թերևս երկու օր առաջ՝ մարտի 12-ի գիշերը եղած միջադեպի տրամաբանական շարունակությունն է։
Մասնավորապես, մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում է տեղի ունեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր, հայտնի գնդապետ Լեռնիկ Երանոսյանի, Ջրառատի համայնքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։
ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն, միջադեպի ընթացքում Լեռնիկ Երանոսյանը իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակից օդ է կրակել: Այս կապակցությամբ «ՕՐՕ» դաշինքը հայտարարություն տարածեց և տեղեկացրեց, որ Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը, ով նույնպես փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգակիցն է, սպառնացել է իրենց համակրին։
Վիճաբանությունը իր տրամաբանական զարգացումն ունեցավ արդեն մարտի 14-ին, երբ կիրառվեց ինքնաձիգ և «ՕՐՕ» դաշինքի երեք համակիր հրազենային, սուր ծակող կտրող գործիքի և այլ մարմնական վնասվածքներով հայտնվեցին «Էրեբունի» հիվանդանոցում։
Այս անգամ արդեն միջադեպին մասնակցում էր անձամբ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը։ Տարածաված տեսանյութում հստակ երևում է Լևոն Երանոսյանը, լսվում են քաշքշուկի ընթացքում հնչող հայհոյանքներ և կրակոցներ։
Այս ամենի մասին սակայն, ոստիկանությունը պարզապես լռում է։ Ըստ ոստիկանության տարածած պարզաբանման, մարտի 14-ին Ջրառատ գյուղի դպրոցում երեխաներ են վիճաբանել։ Հետագայում վեճը շարունակվել է նրանց ծնողների ու հարազատների միջև և վերածվել բախման։ Նախնական տվյալներով, կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել և քաշքշուկի ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանություն է տեղափոխվել կրակելու մեջ կասկածվող անձը՝ Տիգրան Սարգսյանը։
Ոստիկանությունը, սակայն չնշեց տեղի ունեցած միջադեպի վայրը՝ գյուղապետարանը, չնշեց, որ միջադեպին (քաղաքացիական հագուստով) մասնակցել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, չնշեց, որ դրա մասնակիցները նույն մարտի 12-ի միջադեպի կողմերն են։
Հայտարարության վերջում ոստիկանությունը կոչ արեց ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքական ուժերին չճշտված տեղեկություններ չտարածել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Սակայն պաշտոնական տեղեկատվությունը, ինչպես տեսնում ենք, աղավաղում է իրականությունը: