Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում Տեսանյութ
2017-03-17 09:28:00

Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը:

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նույնպես դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, իսկ ամբաստանյալների փաստաբաները մի քանի միջնորդություններ ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, ով բոլոր միջնորդությունները մերժեց:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, ով խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կրկին մերժեց փաստաբանի միջնորդությունը:

Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար շտապօգնության հերթապահ խումբը ժամանեց դատարան, իսկ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտանյալը առողջական խնդիրներ ունի. թևն է այտուցվել է և ջերմությունը բարձրացել էր: Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորը նորից պնդում էր, որ լրագրողները 10 րոպե պետք է նկարահանումներ կատարեն, որից հետո դադարցնեն տեսանկարահանման ու նկարահանման աշխատանքները, ինչին նորից ընդվզեցին լրագրողները, որից հետո դատավորը 2 ոտքը դրել էր մեկ կոշիկի մեջ ու խռովկան ու կամակոր երեխայի նման դատական կարգադրիչներին հրահրում էր, որպեսզի խոչընդոտեն լրագրողների աշխատանքը:

Դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Հիշեք հայտնի խոսքը, երբ ասվում է «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է», հիմա դատավորը արգելում է նկարահանել դատական նիստը, որոովհետև գիտի, ոչ միայն նիստին ներկաներն են ականատես լինում նրա անգրագիտությանը, այլև լրագրողները դա կհրապարակեն և հանրությունն էլ կիմանա, թե ինչպիսի հարուստ իրավական գիտություններ ունի տիկին դատավորը»:

Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ Լ. Սիմոնյանի պաշտպանյալի վատ առողջության պատճառով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Տեսանյութը` Գագիկ Շամշյանի 

Այս նյութը դիտել են - 2909 անգամ