Ես և՛ իմ ընտանիքում և՛ շրջապատում ասել էի, որ այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը վերստին բացելու մասին, կանգնելու եմ նրա կողքին, ինչը և արել եմ:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռեվոլուցիա» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել Ծառուկյան դաշինքի 2-րդ համարն զբաղեցնող նախկին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին հարցին:
Նրա խոսքով՝ ճիշտ չէր լինի, ՎՊ նախագահի պաշտոնում մնալով, զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, քանի որ այդ դեպքում կարող էին քաղաքական տարբեր շահարկումներ լինել:
Լրագրողի ճշտող հարցին, թե ի վերջո Ծառուկյան դաշինքը ինչպիսի՞ քաղաքական միավորում է՝ ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, Զաքարյանը պատասխանել է. «Եթե քաղաքական ուժը իշխանություն չէ, ուրմեն ընդդիմություն է: Մեր պարագայում ևս վստահաբար այդպես է»,- հայտարարել է Իշխան Զաքարյանը:
Այսպիսով՝ Իշխան Զաքարյանը պատահաբար կամ էլ թերևս հատուկ նպատակով արել է քաղաքական բացահայտում՝ ասել է այն, ինչի մասին Գագիկ Ծառուկյանը հետևողականորեն լռում է:
Ծառուկյանը երբևէ չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին. այդ թեմայով հարցադրումներին նա որպե կանոն պատասխանում է կամ խուսափողաբար կամ էլ, լավագույն դեպքում, հայտարարում է, որ ինքը իրական այլընտրանք է և 50 տոկոս գումարած մեկ ձայն ստանալու դեպքում կձևավորի իշխանություն և կսկսի իրագործել իր ծրագիրը, որտեղ նախատեսվում են աշխատավարձի և թոշակի աճ, ցածր տոկոսով վարկեր, 6 տոկոս ՀՆԱ աճ, չեղարկված կարմիր գծեր և այլն:
Ինչևէ՝ եթե Ծառուկյան դաշինքն ընդդիմադիր քաղաքական ուժ է, ապա ստացվում է, որ Իշխան Զաքարյանն էլ ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Այստեղ է, որ, ինչպես ասում են, խաշած հավի ծիծաղն անգամ գալիս է: Հետաքրքիր է, եթե Գագիկ Ծառուկյանը երբևէ չբացեր քաղաքականության փակված էջը, Իշխան Զաքարյանն ի՞նչ էր անելու՝ շարունակելո՞ւ էր, տեսնելով հանդերձ իշխանության անարդյունավետ աշխատանքը, մնալ Վերահսկիչ պալատի նախագահ:
Թերևս այո, որովհետև ընդդիմադիր քաղաքական դաշտ մտնելու այլ դրդապատճառ, նա չի նշել:
Բայց սա դեռ ոչինչ. ինչո՞ւ Իշխան Զաքարյանը որոշեց կանգնել Ծառուկյանի կողքին հենց հիմա, մինչդեռ երկու-երեք տարի առաջ, երբ ԲՀԿ-ն ակտիվ քաղաքական գործունեություն էր վարում և Ծառուկյանն էլ դեռ չէր հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին, Իշխան Զաքարյանը Ծառուկյանի կողքին չկանգնեց:
Ի՞նչն էր այն ժամանակ հետ պահում Իշխան Զաքարյանին. չէ՞ որ նա ՎՊ նախագահի պորտֆելը, իսկ դրանից առաջ նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստացել էր ԲՀԿ-ի քվոտայով: Բայց սա էլ դեռ ոչինչ՝ ընդունեք, թե մարդու ազնիվ հոգու արդար կանչը հենց այս պահին է հնչել:
Իշխան Զաքարյանը, որ այսօր խոսում է պետական կառավարման անարդյունավետությունից, ողջ կյանքում աշխատել է պետական համակարգում: Այդ գործունեությունը անձնական տեսանկյունից Իշխան Զաքարյանի համար առավել քան արդյունավետ է եղել՝ նա կուտակել է հսկայական կարողություն, որը վստահաբար ոչ համատեղելի է պետական գործունեության հետ:
ԶԼՄ-ները բազմիցս են անդրադարձել Իշխան Զաքարյանի հայտարարգրին, շքեղ առանձնատանը, բանկային հաշիվներին:
Կարո՞ղ էր Իշխան Զաքարյանն այս ամենն ունենալ առանց իշխանության բարեհաճության՝ «իհարկե ոչ»,- կասեր լակոնիկ ոճի սիրահար ՀՀ վարչապետը:
Ի դեպ, Իշխան Զաքարյանն այսպես էլ չպատասխանեց հարցին, թե ո՞վ է Ծառուկյան դաշինքի վարչապետի թեկնածուն:
Արման Վարդանյան
Այս նյութը դիտել են - 1674 անգամ