Ի պատիվ Հաց բերողի՝ Փարիզում կազմակերպվել է հոգեհանգստի արարողություն: Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչները նաեւ հետաքրքիր ակցիա են անցկացրել. հայկական լավաշ հաց են բաժանել Փարիզում՝ իրազեկելով Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին, պատմել են Արթուր Սարգսյանի, նրա նկատմամբ ՀՀ իշխանությունների գործունեության ու անմարդկային վերաբերմունքի մասին:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է Փարիզի «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության ղեկավար Շանթ Ոսկերիչյանը:
Հայկական ութ կազմակերպությունների համատեղ ջանքերով է կազմակերպվել թե ակցիան, թե հոգեհանգիստը:
«Փարիզի Ս. Յովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է հատուկ կարգ ի պատիվ Սասնա ծռերի եւ Հաց բերողի: Իսկ վերջում հայկական լավաշ հացեր բաժանեցինք, որոնց մեջ նաեւ Արթուրի նկարն էինք դրել՝ «Մահ իմացեալ անմահութիւն է» լոզունգով, ինչպես նաեւ բաժանեցինք Վարուժան Ավետիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի բանտից արած կոչը: Հետո հոգեհանգստի մասնակիցները շքերթով ուղղվեցին դեպի Կոմիտասի հարակից հուշարձանը: Այնտեղ էլ պարզեցինք Հայաստանի Եռագույն դրոշը, «Սասնա ծռեր»-ին եւ քաղաքական բանտարկյալներին զորակցություն հայտնող, ինչպես նաեւ Արթուրի նկարներով պաստառներ: Բողոքի երթի մասնակիցներս նաեւ շարունակաբար հնչեցնում էինք Արթուրին, «Սասնա ծռեր»-ին նվիրված եւ «Անհնազանդության» երգերը»,- պատմեց պարոն Ոսկերիչյանը:
Պարոն Ոսկերիչյանը փոխանցեց, որ երթից հետո հնչել են նաեւ ելույթներ, ֆրանսահայերը հայտարարել են, որ Արթուրի մահվան պատասխանատուն ՀՀ իշխանություններն են.
«Մենք գտնում ենք, որ Արթուրի մահվան պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են, պահանջում ենք նրանց հրաժարականը:
Պահանջում ենք նաեւ Հայաստանի քաղաքական բոլոր բանտարկյալներին եւ հալածյալներին ազատ արձակել»:
Ոսկերիչյանն ասաց նաեւ, որ բողոքի ակցիայի վերջում Փարիզում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի:
Քրիստինա Մկրտչյան
Այս նյութը դիտել են - 2156 անգամ