«Ժողովուրդը» գրում է.
«Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է: Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը:
Դանակահարվել է նաեւ Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը. նրա վիճակը համեմատաբար լավ է, եւ գտնվում է Ապարանի հիվանդանոցում:
ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի եւ Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջեւ. պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,- ասաց պատգամավոր Ախոյանը»:
Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ նախընտրական շտաբները որեւէ տեղեկություն չէին տարածել, եւ եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր:
Չնայած, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, իրավապահներին հրահանգված է ամեն կերպ «փակել» միջադեպը՝ առանց քաղաքական աստառ տալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 6822 անգամ