«Հորեղբայր, ախպոր տղա, կարող ենք խռովել, բարիշել». Արթուր Գևորգյանը կարծում է ՝ հորեղբոր ձայներն իրեն կանցնեն (տեսանյութ) Tert
2017-03-21 12:01:00

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում Հանրապետական կուսակցությանը սատարելու որոշում չկա: Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից առաջադրված, գործող պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ չի ցանկանում ֆեդերացիան  քաղաքականացնել, պարտադրանք չկա, կարող է մարզիկներ լինեն, որ ցանկանում են այլ կուսակցության հետ համագործակցել: Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել էր, որ 27 ՀԿ-ների՝ այդ թվում մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ստորագրել են հայտարարություն-կոչ՝ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին:Արթուր Գևորգյանը նաև վստահեցրեց, որ Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանները, թեժություն չի նկատել՝«ամեն ինչ խախանդ է»:

Ըստ Արթուր Գևորգյանի՝ տրամաբանական է, որ Դավիթաշեն վարչական շրջանում հորեղբոր՝ Ռուբեն  Գևորգյանի  ձայները, ով հիմա ոչ մի կուսակցության  ցուցակով առաջադրված չէ,  կարող են իրեն անցնել:
-Պարո՛ն Գևորգյան, Դուք բավականին թեժ ընտրատարածքում եք առաջադրված, այստեղ հենց Հանրապետական կուսակցությունից էլ  մի շարք հայտնի անձինք կան առաջադրված՝ Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը և այլոք։ Այս ընտրատարածքում մի շարք միջադեպեր են արդեն գրանցվել, տեսանք նաև «Ծառուկյան դաշինքից» առաջադրված  Վահան Կարապետյանի , Արման Սահակյանի թիմակիցների հետ  տեղի ունեցած միջադեպը, Արման Սահակյանի հետ կապված միջադեպը։ Միմյանց միջև ինչպե՞ս եք ընտրատեղամասը կիսում:
-Ընտրատարածք չենք կիսում և այդ թեժությունը մենք չենք տեսել, չենք զգացել, ուզում եմ  հասկանալ՝ ինչո՞վ է հատկանշական, որ ասում եք թեժ է: Այդ հարցերը կարող եք ուղղել այն մարդկանց, ում անունը հնչեցրեցիք, մեզ մոտ ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խախանդ է, ոչ մի թեժություն չկա, ամեն ինչ բնականոն հունով գնում է:
-Ձեր հորեղբայրը՝ Ռուբեն Գևորգյանը Ձեզ աջակցո՞ւմ է, քանի որ մեզ  հետ զրույցում նա ասել էր՝«արյունը ջուր չի դառնա», պատրաստ է  Ձեզ աջակցել: Օգնությունը կընդունե՞ք:
-Իհարկե, կընդունեմ: Եվ միայն այն փաստը, որ նա այլևս չի զբաղվում այս պահի դրությամբ քաղաքականությամբ, նախկինում օգնում էր ԲՀԿ-ին, չմասնակցելը նշանակում է, որ մի որոշակի մեծ ընտրազանգվածի հետ կարելի է աշխատել և ուղղորդել այլ ուղղությամբ:
-Այսինքն՝ նրա ընտրազանգվածը կաջակցի՞ Ձեզ , այդպիսի պայմանավորվածություն կա՞:-Պայմանավորվածություն չկա, դա տրամաբանական է: Ռուբեն Գևորգյանի հայտարարությունից արդեն դա երևում է։ Բնական է, որ իր ունեցած ընտրազանգվածն օգնելու է իր եղբոր տղային:

-Սա նշանակում է՝ Ձեր խնդիրներն անցյալո՞ւմ են:

- Մենք երբևիցե խնդիրներ չենք ունեցել, դա մեր անձնականն է, հորողբեր, ախպոր տղա, մենք կարող ենք իրարից խռովել, բարիշել։ Կարծում եմ՝ դա հասարակությանը չպետք է հետաքրքրի:
-Մի շարք ՀԿ-ներ, այդ թվում՝ մարզական ֆեդերացիաներ, կոչ են անում սատարել ՀՀԿ-ին։ Ձեր կողմից ղեկավարվող ֆեդարացիա՞ն էլ է աջակցելու ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով, որ Դուք ևս առաջադրվել եք:
-Ոչ, դեռ նման որոշում չկա, և, կարծում եմ, իմ գլխավորությամբ չի լինի: Չեմ ուզում քաղաքականացնենք այդ կառույցը, քանի որ իմ մարզիկների մեջ կարող են լինել շատերը, ովքեր կընտրեն, կնախընտրեն ուրիշ կուսակցությունների հետ համագործակցել:
-Օրինակ ՝ «Ծառուկյան» դաշինքի։
-Հնարավոր է և «Ծառուկյան դաշինք» լինի, ընդդիմադիր ինչ-որ դաշինքի համակրեն, մարզիկ է, ՀՀ քաղաքացի, դա իր իրավունքն է: Ուղղորդելը, պարտադրելը բացառված է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

  

Այս նյութը դիտել են - 2281 անգամ