Երկրի գլխավոր մասնագետը բժշկական գրականություն չի ընթերցում և խոսում է աբսուրդային 5 տոկոսի մասին...
2016-01-17 00:50:00

Օսկան Քոչարյան

Խոզի գրիպի և սուր շնչառական հիվանդությունների լայն տարածումը, մահվան ավելացող դեպքերն արդեն խուճապային տրամադրություններ են ստեղծում հանրապետությունում: Սրա հետ մեկտեղ քաղաքացիների համար անհասկանալի է մնում, թե ինչու պատասխանատու մարմինները չեն հայտարարում համաճարակային իրավիճակի մասին և ըստ այդմ ձեռնարկում դրան համապատասխան հրատապ միջոցառումներ: Բայց պարզվում է, որ փրկությունը դեռ ամենաէականը չէ. մարդկանց առողջացնելու փոխարեն մասնագետներից ոմանք պարզապես զբաղված են բառախաղերով: Նրանք դեռ պիտի ճշտեն՝ ինչն է համաճարակ, և ինչը համաճարակ չէ:

Եթե դա իրոք այդքան էական հարց է, ապա դիմենք բառարանի օգնությանը: Այստեղից կարող ենք իմանալ, որ համաճարակը բնակչության շրջանում որևէ հիվանդության դեպքերի նորման գերազանցող հաճախությունն է: Բժշկական հաստատություններն էլ իրենց հերթին հիվանդությունների համար իրենց սեփական շեմերն են հաշվում՝ ելնելով վերջին տարիներին այդ հիվանդության միջին վիճակագրական ցուցանիշներից ու դրան համապատասխան եզրահանգումներ անում: Հիմա թե առաջին դեպքի, թե երկրորդի համար ունենք աննախադեպ ցուցանիշ: Ուրեմն ինչն է լռելու պատճառը:

Հենց այս հարցի վրա այսօր հայտնվեց Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը ու լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով H1N1 գրիպին, ասաց, թե համաճարակ համարվում այն իրավիճակը, երբ կա այս կամ այն հիվանդության բռնկում և ինչ-որ քանակ: Որպեսզի համաճարակ լինի, պետք է բնակչության 5 տոկոսը վարակված լինի տվյալ հիվանդությամբ:
Ստացվում է, որ երկրի գլխավոր մասնագետը բժշկական գրականություն չի ընթերցում և խոսում է աբսուրդային 5 տոկոսի մասին: Եթե հետևելու լինենք Ոսկանյանի տրամաբանությանը, ապա, օրինակ, Չինաստանում կամ Հնդկաստանում երբեք համաճարակներ պիտի չբռնկվեն: Պատկերացնու՞մ եք, թե քանի միլիոն մարդ պիտի հիվանդանա, որ այդ երկրի բժիշկները խոսեն համաճարակի մասին: Ու խոսելուց հետո էլ միջամտելն արդեն պարզապես անիմաստ կլինի. որի՞ն հասցնես բուժել:


Գալով Հայաստանին, ստացվում է, որ մեր 3 միլիոն բնակչության մեջ քանի դեռ 60 հազար հոգի չեն վարակվել, համաճարակ տերմինը կիրառում չի ունենա:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1699 անգամ