Արարատի մարզի Վեդի քաղաքում մարզային ոստիկանությունն այսօր «փայլուն օպերացիա» է իրականացրել:
Քաղաքի ոստիկանապետը, ոստիկանական ուժերը շտապել են կիսաքանդ մի վարսավիրանոց ներխուժել և վնասազերծել երեք «ծանր հանցագործների», երեքն էլ կին:
Երևի արդեն հասկացաք` Հայաստանի «բարեփոխված» ոստիկանության լրջությունը: Հիմա ավելի կոնկրետ:
NewsBook-ը քիչ առաջ տեղեկություններ ստացավ Վեդի քաղաքից, որ այնտեղի ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկվել Հունան Մելքոնյանը, որը «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցներից է:
Զանգահարեցինք Վեդու ոստիկանության բաժանմունք, որտեղից պարզաբանեցին, որ իրենք նման անուն-ազգանունով մարդու բերման չեն ենթարկել:
Րոպեներ անց պարզվեց, որ ոստիկանական բաժանմունք է տարվել Հունան Մելքոնյանի կինը` Նելլի Սաղաթելյանը:
Բանից պարզվում է, որ այս կինը փոքրիկ ու համեստ վարսավիրանոց ունի, որտեղ այդ պահին նրա վարսահարդարը՝ Շուշան Մանուկյանը, իր ընկերուհու մազերն է հարդարելիս եղել:
Նելլիին, Շուշանին և այդ պահին վարսավիրանոցում գտնվող Շուշանի ընկերուհուն ոստիկանապետն իր աշխատակիցներով հրավիրել է բաժին:
Եվ քանի որ նախընտրական շրջան է, Նելլիի ամուսինն էլ «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցներից է, ոստիկանական բաժանմունքում միայն բերման ենթարկվածները հասկացել են, թե ինչն է օպերացիայի առիթը:
Պարզվել է, որ համայնքային ոստիկանությունը հանկարծ հիշել է, որ «Ծառուկյան» դաշինքի կողմնակցի կինը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում:
Բաժնում հայտնված երեք կանանց փաստաբանի դերը ստանձնել է հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Այս զավեշտալի պատմությանը մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Այս պահին մեզ հետաքրքրում է` տեղյակ է արդյո՞ք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ենթակաների էժանագին շոուներից, որոնք կոնկրետ և ուղղակի քաղաքական ենթատեքստ ունեն, թե՞ սովորականի պես մարզային ոստիկանապետերը ինքնագործունեություն են ծավալում:
Զարգացումները ցույց կտան`ո՞ր տարբերակն է արտացոլում իրականությունը:
Այս նյութը դիտել են - 9167 անգամ