Վարչապետն անվստահություն հայտնեց ոստիկանապետին 1in
2017-03-23 11:58:00
Կառավարության մարտի 23-ի նիստում Կարեն Կարապետյանը ուշագրավ հորդոր է ուղղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վարչապետը ոստիկանապետին հորդորել է անձնական վերահսկողության տակ վերցնել Ճանապարհային ոստիկանությունը, ասելով, թե դրա գործունեության կապակցությամբ ավելացել են բողոքները:
Գուցե Կարեն Կարապետյանն ունի որոշակի վիճակագրություն, բայց, այսպես ասած, վիզուալ մակարդակում Ճանապարհային ոստիկանությունը կարծես թե չի ցուցաբերել առանձնակի «շեղումներ» վերջին շրջանի իր գործունեությունից: Իսկ այդ գործունեությունը, իհարկե, հարաբերական է, և կան թե նկատելի փոփոխություններ դրական իմաստով, թե նաև անարդյունավետ ծառայության և թերի աշխատանքի հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կառույցի համար «ավանդական»:
Ոստիկանապետին ուղղված Կարեն Կարապետյանի հորդորը ուշագրավ է նախընտրական իրավիճակի ֆոնին, հատկապես իշխանության ներսում առկա դասավորության և շահերի:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը թե ընտրությունից առաջ, թե նախընտրական շրջանում՝ մասնավորապես, ՕՐՕ դաշինքի հետ կապված Ջրառատի դեպքերից հետո, ակնարկել է բավական բացահայտ կերպով, որ իրավապահ կառույցները չեն գտնվում իր ենթակայության տակ, և դա խնդիրներ է ստեղծում փոփոխությունների հարցում արդյունավետության առումով:
Թե ինչ արդյունք կլիներ այն դեպքում, երբ իրավապահ համակարգը լիներ վարչապետի ազդեցության գոտում՝ այլ հարց է: Սակայն այն, որ այդ ազդեցության բացակայությունն իսկապես խնդիր է վարչապետի համար՝ աներկբա է:
Իրավապահ համակարգը Սերժ Սարգսյանի ազդեցության գոտում է, և վարչապետի ակնարկը նաև վկայում է, որ նա չի զգում Սարգսյանի աջակցությունը կամ լիարժեք աջակցությունը փոփոխությունների հարցում:
Խնդիրը, բնականաբար, հատկապես սուր է դառնում նախընտրական շրջանում, քանի որ այդ շրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք ներդաշնակ չեն Կարեն Կարապետյանի կերպարով առաջ մղվող փոփոխությունների գաղափարին:
Այդ զարգացումներում նկատելի է նաև այն, որ իրավապահ համակարգը կարծես թե առանձնապես փութաջան չէ դրանք կանխարգելելու և թույլ չտալու գործում:
Այս համատեքստում էլ ոստիկանապետին Ճանապարհային ոստիկանության աշխատանքի առիթով ուղղված վարչապետի հորդորը ստանում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ՝ տողատակում ըստ էության ստանալով ոստիկանապետին ուղղված անվստահության ակնարկի երանգ:
1in.am
Այս նյութը դիտել են - 10558 անգամ