Մերօրյա Բենդերը ձեզ նախ կտեղեկացնի, որ աշխատանքի անցնելու պարագայում ձեզանից որոշակի կլորիկ տոկոսադրույք է պահվելու որպես վարձավճար աշխատանքի անցնելու համար...
2016-01-17 15:59:00

Ծառուկ Սարգսյան

Գործազրկության առկայությունն ամենախնդրահարույցներից է ցանկացած երկրի համար, սակայն մեզանում այն ոչ միայն խնդրահարույց չէ, այլև նոր գրասենյակների ծաղկման հիմք է հանդիսանում:

Ունեք բարձրագույն կրթություն, բայց չունեք աշխատա՞նք: Հոգ չէ: Աշխատանքի տեղավորման օրեցօր աճող գործակալությունները կհոգան ձեր աշխատանքի մասին: Վերցնում եք գովազդային ցանկացած պարբերական, որոնց թիվը քիչ չէ, օրինակ` «Գինդ», և զանգահարում եք ձեզ համապատասխան առաջարկվող բազմաթիվ աշխատատեղերից որևէ մեկի հեռախոսահամարով: Եվ «սառույցը կշարժվի, պարոնայք երդվյալ ատենակալներ», ինչպես կասեր Օստապ Բենդերը, ու դուք կսլանաք հանդիպելու մերօրյա բենդերներին: Ոչինչ, որ մերօրյա բենդերները կարող են դիմավորել կանացի նուրբ ու խորիմաստ ժպիտներով, որոնք կսկսեն խաղ անել ձեր վարդագույն սպասելիքների հետ, բայց հավատացած եղեք, որ նրանք իրենց գործունեությամբ ոչնչով չեն զիջում մեծն Օստապին, որին, հաստատ, հոգու խորքում համակրում եք:

Մերօրյա Բենդերը ձեզ նախ կտեղեկացնի, որ աշխատանքի անցնելու պարագայում ձեզանից որոշակի կլորիկ տոկոսադրույք է պահվելու որպես վարձավճար աշխատանքի անցնելու համար, և դուք, խոնարհաբար ենթարկվելով նրա հմայքին, համաձայնելու եք` դեռևս գործատուի դեմքը չտեսած: Այնուհետև Բենդերն անցնելու է հաջորդ ծրագրին. «Առավոտյան փողերը, երեկոյան աթոռները», և դուք պետք է մինչև բաղձալի գործատուին հասնելը գումարներ վճարեք, որպեսզի Պանիկովսկու և Շուրայի նման մասնակցեք բենդերական դասընթացներին աշխատանքին լիարժեք ծառայել կարողանալու համար, իսկ աշխատանքը հասարակ բան չէ` ցանցային մարքեթինգ, ինֆորմացիոն բիզնես, մենեջեր, ադմինիստրատոր և այլն, և այլն:


Բաղձալի աշխատանքին հասնելու համար դուք չեք երկմտի ձեր չունեցած եկամուտից բենդերային դասախոսության համար միջոցներ գտնել, բայց շուտով ձեզ կտեղեկացնեն, որ ձեզ առաջարկվում է մարքեթինգով զբաղվել… փողոցներում բուկլետներ բաժանելով: Բնականաբար, դուք չեք համաձայնի և կհեռանաք: Կամ կարող են ձեզ հայտարարել «Ոսկե հորթի» հայտնի ասույթի ձևով. «Մեզ բռի մարդիկ պետք չեն, մենք ինքներս էլ բռի ենք»: Իսկ եթե դուք ոչ միայն կարողացել եք չեղած տեղից միջոցներ գտնել, այլև համապատասխանում եք Բենդերի ենթակա Բալագանովի չափանիշներին, ապա, թողած վարդագույն երազները, դուք կամ փողոցում բուկլետներ կբաժանեք, կամ բնակիչների դռները մեկիկ-մեկիկ թակելով՝ քաղաքացիներին կառաջարկեք կոսմետիկայի որևէ բրենդային (ոչ թե բենդերային) ապրանքանիշի արտադրանքը:

Եվ եթե մի որևէ բնակարանից հնչի «Դուք պիժոն եք, Շուրա» արտահայտությունը, հուսահատվել պետք չէ, քանի որ ձեզ դեռ սպասում է մենեջերի կամ ադմինիստրատորի հավերժ թափուր պաշտոնը ցանցային մարքեթինգում կամ ինֆորմացիոն բիզնեսում:

 
 
shame.am 
Այս նյութը դիտել են - 1658 անգամ