Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ընկերներն արտերկրից զանգել և պատրաստակամություն են հայտնել, որ պատրաստ են Հայաստանում կատարել 15 միլիարդ դոլարի ներդրում, եթե Ծառուկյան դաշինքը հաղթի խորհրդարանի ընտրությանը:
«Իմ գործընկերները, տեսնելով ժողովրդի անվերապահ հավատն իմ նկատմամբ և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրը զանգելով՝ ասել են, որ՝ պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում: Ես ազնվությամբ ասեմ՝ ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է մարդու պահվածքից, վստահությունից: Ես դեռ չեմ դիմել ոչ մեկին, որ դիմեմ շատ ու շատ ընկեր ունեմ աշխարհով մեկ, ներդրում կանեն: Բայց դա գալիս ա իմ պահվածքից, իմ հզորությունից, հարգանքից»,- նշել է Ծառուկյանը և հավելել, որ իր հաղթանակի պարագայում, այդ մարդիկ սեփական ինքնաթիռներով կգան, կներկայանան:
Ծառուկյանի այս հայտարարությունը քաղաքական հզոր հակահարված է ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության մենակատար, վարչապետ Կարեն Կարապետյանին, ով մարտի 25-ին հայտարարեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի ստեղծման մասին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության 3 տասնյակից ավելի հայ գործարարներ: Վարչապետի ստեղծած ներդրումային ակումբը գլխավորում է Ռուսաստանի և աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ենթադրվում է, որ այս ակումբի հիմնադիրները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, փորձեն նոր տնտեսական և գործարար միջավայր ապահովել, ստեղծել նոր աշխատատեղեր և զարկ տալ առաջընթացին:
Վարչապետի ստեղծած ակումբի անդամները ներդրումային կոնկրետ ծրագրեր և թվեր չեն նշել, սակայն ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր առիթներով խոսել է 3,2 մրլրդ դոլարի իրատեսական ծրագրերի մասին, որոնք այս ընթացքում կառավարությունը մշակել է և կարող է առաջարկել իրական ներդնողներին:
Հիմա փաստարեն Գագիկ Ծառուկյանը տալիս է քաղաքական պատասխան՝ ինքը պատրաստ է առնվազն հինգ անգամ ավելի շատ ներդրումներ ապահովել, եթե ստանա մեծամասնություն: Անշուշտ ներդրումնեի մասին խոստումներով մրցապայքարի մեջ մտնելը տնտեսական առաջընթացի համար կարևոր պայման է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է հավատում այդ խոսոտումների իականություն դառնալու հավանականությանը:
Այստեղ ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի պահվածքն է, ով ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ ինքն է իրադրության տերը, սակայն քաղաքական և նախընտրական ակտիվ քարոզչությանը փորձում է չխառնվել: Հարց է առաջանում, թե դրսի ներդնողները, անկախ նրանից խոսքը Կարեն Կարապետյանի ակումբի մասնակիցների, թե Գագիկ Ծառուկյանի ընկերների մասին է, ու՞մ տված երաշխիքին են վստահելու, որ ներդրումներ կատարեն մեր երկրում:
Ներդրումների իրական երաշխավորն իրականում եղել և մնում է Սերժ Սարգսյանը, որովհետև ինչպես անցած տարիներին, այնպես էլ ապրիլի 2-ից հետո իշխանությունը կենտրոնացված է նրա ձեռքում: Եթե բավարար չափով ներդրումային վստահություն լիներ, ապա թերևս դրսից ակնկալվող ներդրումները կարող էին նաև ավելի վաղ կատարվել: Բայց եթե ներդրումներ չեն կատարվել, նշանակում է եղել են խանգարող հանգամանքներ: Կվերնա՞ն արդյոք այդ հանգամանքները ապրիլի 2-ից հետո. եթե հավատանք Կարեն Կարապետյանին՝ այո: Բայց երկրում կարծես թե իշխանափոխություն չի սպասվում. անկախ նրանից հաղթելու է ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանը մնալու է բուրգի վերևում: Հետևաբար, ըստ ամենայնի, մենք գործ ունենք նախընտրական տպավարիչ խոստումների հետ, որոնք հետո շատ լուրջ հիմնավորումներով չեն կատարվի, ինչպես որ չեն կատարվել բազմաթիվ այլ խոստումներ:
Հայկ Դավթյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 2120 անգամ