ՕՐՕ-ն թերևս միակ դաշինքն է, որին չկարողացան կպցնել «իշխանական պռոեկտ» պիտակը. Հրանտ Ենոքյան
2017-03-29 02:45:00
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երեկվա հանրահավաքը ինձ ու նաև, համոզված եմ, շատ շատերի համար նոր հույս արթնացրեց, պայքարելու նոր լիցք տվեց։ Եվ պատճառն ամենևին էլ հավաքի բազմամարդությունը չէր, այլ էներգետիկան, մարդկանց ոգեշնչվածությունը, այն որ հանրահավաքի մասնակիցների ու դաշինքի առաջնորդների մտքերը համահունչ էին։
Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը խոսում էին երկրում առկա ամենակարևոր խնդիրների մասին, որոնք գիտակցում է նաև հասարակությունը։

Դաշինքին հաջողվեց արտահայտել ժողովրդի մեծամասնության կամքը։ Ու թող չփորձեն ասել, թե իշխանափոխությունն այսօր մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կամքը չէ։ Բացի դրանից, դաշինքը կարողացավ նաև արժանանալ ժողովրդի վստահությանը, մարդիկ հենց այս դաշինքի մեջ են տեսնում ապագա փոփոխությունների, նոր Հայաստանի հույսը։

Սա թերևս միակ դաշինքն է, որին չկարողացան կպցնել «իշխանական պռոեկտ» պիտակը և այսօր նաև այն մարդիկ, ովքեր այլ ընդդիմադիր քաղաքական ուժերին են համակրում խոսում են այն մասին, որ պետք է միանալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։

Մենք այսօր իսկապես ունենք այդ միասնության կարիքը։ Եվ խնդիրն այստեղ մանդատները չեն։ Կամ մեկը մյուսի հաշվին ձայն հավաքելը։ Ընտրություններին մի քանի օր է մնացել և ժողովուրդը քիչ թե շատ կողմնորոշվել է, բայց այսօր միավորվելով կարելի է մարդկանց ցույց տալ, որ ՀՀԿ-ի հակակշիռն ավելի ուժեղ է և միասնական և, համոզված եմ, այն մարդիկ, որ այսօր ասում են, թե ընտրության միջոցով բան փոխել հնարավոր չէ, կփոխեն իրենց կարծիքը։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն այսօր օբյեկտիվորեն ունի մեծ թվով համակիրներ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ մտնելու է խորհրդարան։ Միավորվելով, այս ուժերը կարող են զրկել Հանրապետականին քաղաքական մենաշնորհից, Սերժ Սարգսյանին էլ՝ իշխանությունից։

Միավորվելով, այս ուժերը կարող են իրենց շուրջ համախմբել նաև այլ ընդդիմադիրների, որոնք կանցնեն Ազգային Ժողով։ Դրանով Սերժ Սարգսյանն արդեն մինչև ապրիլի վերջ կզրկվի իշխանությունից, քանի որ այլևս չի տնօրինի Ազգային Ժողովին ու Կառավարությանը։

Ինչևէ, ոնց էլ զարգանան իրադարձությունները, մեր պարտքն է մեր երկրի, պետության, ծնողների ու երեխաների առաջ, որ թույլ չտանք այս ապաշնորհ և ապիկար իշխանություններին վերարտադրվել։

Բոլորս՝ դեպի հաղթանակ։

Այս նյութը դիտել են - 11384 անգամ