Տեր-Պետրոսյանը ասում է, որ պետք է համաձայնվել դրան: Դա հիմնավորում է շատ մանրակրկիտ ու քաղաքագիտական լեզվով: Ես համաձայն չեմ նրա տեսակետի հետ, քանի որ զուտ քաղաքական տեսանկյունից գտնում եմ այս փաստաթղթով լուծումը մեծ վտանգներ է պարունակում ու մեր ցանկալի արդյունքին չենք հասնելու վերջում: Նույն կարծիքին են շատ շատերը:
Այսինքն սրան դեմ լինողները չեն կիսում Քոչարյանի ու Օսկանյանի, Սարգսյանի ու Նալբանդյանի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Տեր-Պետրոսյանի ու նրա համակիրների համաձայնությունը «մադրիդյան փաստաթղթի» հետ կապված:
Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ «մադրիդյան փաստաթղթին» (որով նախատեսվում է հող հանձնել) փաստացի համաձայնված հանրապետականներն ու դաշնակները դեմ են հող հանձնելուն: Կամ նրանք չեն հավատում Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, կամ էլ իրականում մեղմ ասած անկեղծ չեն:
Հանկարծ դաշնակները թող չասեն, թե արտգործնախարարի պորտֆելը իրենցը չէ ու իրենք այդ մասով կապ չունեն: Եթե կոալիցիայի մեջ են, կառավարության մեջ են ուրեմն իշխանություն են, իսկ իշխանության մեջ լինելը նշանակում է համաձայնություն տարվող քաղաքականության, կայացվող որոշումների հետ ու պատասխանատվության մասնաբաժին դրանում: Օրինակ, հայ - թուրքական արձանագրությունների ժամանակ էլ այդ պորտֆելը ՀՅԴ-ինը չէր, բայց դեմ լինելով այդ քայլին՝ նրանք դուրս եկան կոալիցիայից:
Հիմա արցախյան հարցի բանակցությունների պահով ստացվում է հայտնի՝ «դեմ ըլլալով կողմ ըլլալու կամ կողմ ըլլալով դեմ ըլլալու» սկզբունքը: