Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել իր կարիերայի ընթացքում: Դաշնակցական գործիչը 4 անգամ նշանակվել է ԿԳ նախարար:
Առաջին անգամը եղել է 1998-1999 թթ.՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին: Դրանից հետո նա դարձել է վարչապետի խորհրդական, ապա փոխարտգործնախարար: 2001-2003-ին Մկրտչյանը կրկին նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: 2003-ին Մկրտչյանը պատգամավոր է ընտրվել ՀՅԴ-ից, սակայն 3 տարի անց կրկին տեղափոխվել է գործադիր: Բնականաբար, նորից ԿԳ նախարար է դարձել ու պաշտոնավորել մինչեւ 2008 թ.: Այնուհետեւ ԵՊՀ-ում պատմություն է դասավանդել եւ 2016-ի փետրվարի 24-ին կրկին դարձել ԿԳ նախարար:
Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին Լ. Մկրտչյանը զբաղեցնում է ՀՅԴ համապետական ցուցակի 5-րդ հորիզոնականը: Նախարար թեկնածուն հաշվառված է Երեւանի Տերյան 66 նորակառույց շենքում, որտեղ բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու նրանց հարազատներ են բնակվում:
ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրում Լեւոն Մկրտչյանը իբրեւ շարժական գույք նշել է 2011 թ. արտադրության «Lexus RX 350» ավտոմեքենան, որը նա ուներ մինչեւ նախարար դառնալը (այս մասին իմանում ենք պաշտոնը ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից): Պատգամավորության թեկնածուն, ըստ փաստաթղթերի, չունի 8 մլն դրամը գերազանցող արժեքով գույք:
2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար Լ. Մկրտչյանը եկամուտ է ստացել տարբեր տեղերից:
Այսպես՝ աշխատավարձ ԵՊՀ-ից, որտեղ դասավանդում է (ընդհանուր մոտ 708 հազար դրամ), ԿԳ նախարարի աշխատավարձը (5,6 մլն դրամ), «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից ստացել է փոխառության տոկոս (488 հազ. դրամ), ինչպես նաեւ վարձակալության 7183 եվրո գումար ֆրանսիական «Société Générale» ֆինանսաբանկային ընկերությունից:
Հաշվետու ժամանակահատվածում ԿԳ նախարարը նաեւ շահաբաժիններ է ստացել «Իզոտոպ Դելտա» ՍՊԸ-ից (9,1 մլն դրամ), «Նետրինո» ԹԲԸ-ից (23,5 մլն դրամ) եւ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ից (15,9 մլն դրամ):
Այս ընկերություններից առաջին երկուսը գարնցված են Արցախի Հանրապետությունում, իսկ երրորդը՝ ՀՀ-ում:
Բոլորի գործունեությունն էլ նույնն է՝ էլեկտրաէներգիայի արտադրություն հէկերում: Ավելի պարզ ասենք, որ 3 ընկերություններն էլ շահագործում են փոքր հէկեր Հայաստանում ու Արցախում:
Մասնավորապես, «Իզոտոպ Դելտա» եւ «Նետրինո» ընկերություններն Արցախի Քաշաթաղի շրջանում շահագործում են համապատասխանաբար «Սյունիք-1» եւ «Սյունիք-4» փոքր հէկերը:
Առաջինում Լեւոն Մկրտչյանը 5 տոկոս փայ ունի, իսկ երկրորդում՝ 10 տոկոս բաժնետոմս: «Այուդա-Լոս» ՍՊԸ-ին «Հետքը» անդրադարձել է: Այն «Պոզիտրոն» անունով փոքր հէկ է շահագործում Լոռու մարզի Մարցիգետի Սարաջուր վտակի վրա: ՍՊԸ-ի 20 տոկոսը պատկանում է Լ. Մկրտչյանին, նույնքանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի որդուն՝ Սերգեյ Լոքյանին, ով 2008-2016 թթ. օգնականի ու խորհրդականի պաշտոններ է զբաղեցրել ԱԺ-ում եւ կառավարությունում եւ այսօր ՀՅԴ ցուցակի 29-րդ համարն է: «Այուդա-Լոս»-ի 10 տոկոսն էլ պատկանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
ԿԸՀ-ին Լ. Մկրտչյանն իր հայտարարագիրը ներկայացրել է մարտի 1-ին: Այդ օրվա դրությամբ նա ուներ 20.000 դոլար, 115.000 եվրո շ, 165.000 ռուբլի եւ 7.000.000 դրամ:
Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասին: Թեկնածուն հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք: Առաջինը Տերյան 66 շենքի բնակարանն է (245 քմ մակերեսով), որտեղ նա հաշվառված է, այս գույքը համասեփականություն է: Շենքի տակ Մկրտչյանը կրկին համասեփականության կարգով ավտոտնակ ունի:
Հաջորդը Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա տարածքով հողամասն է:
Հիշեցնենք, որ Չքնաղը ՀՀ երկարամյա գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հայրնեի գյուղն է:
Բայց ամենաուշագրավը Լեւոն Մկրտչյանի բնակարանն է Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ Միջերկրական ծովի հռչակավոր Լազուր ափին:
Շենքը, որտեղ ՀՅԴ-ական թեկնածուն 56 քմ տարածքով եւ համասեփականության կարգով բնակարան ունի, գտնվում է ծովափին շատ մոտ՝ Բոսկե պողոտայի վրա (16 Avenue des Bosquets):
Հավելենք, որ Լ. Մկրտչյանն այս անշարժ գույքը մյուսների պես ձեռք է բերել մինչեւ վերջին անգամ նախարար դառնալը:
Այս նյութը դիտել են - 2926 անգամ