«Ելք» դաշինքի թեկնածուներից ովքեր ընտրվեցին պատգամավոր Armtimes
2017-04-03 09:27:00

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատների թվով «Ելք» դաշինքը երրորդն է լինելու 6-րդ գումարման Ազգային Ժողովում:

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցություններից կազմված դաշինքն ունենալու է 9 պատգամավոր խորհրդարանում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 49 ձայն, որը ընտրությանը մասնակցած ընտրողների 7.78 տոկոսն է կազմել:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջեւ բաշխում են հետեւյալ կերպ՝ ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից մեկը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, մյուսը՝ ռեյտինգայինի: Քանի որ 9 մադատի թիվը կենտ է եւ այն երկու մասի բաժանելուց ստացվում է 4.5, ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներին բաժին է հասնում թվով 4 մանդատ:

Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած ընտրատարածքները թիվ 4-ն է, թիվ 1-ը, թիվ 3-ն ու թիվ 2-ը, որտեղից էլ պատգամավորության թեկնածուներ են ընտրվել համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանը (11 հազար 513 ձայն), Մանե Թանդիլյանը (5 հազար 110 ձայն), Գեւորգ Գորգիսյանը (3 հազար 168) եւ Արարատ Միրզոյանը (3 հազար 999):

Քանի, որ վերը նշված անձանցից Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչեւ 5-րդ համարներում են գտնվել, ապա նրանց անունները դուրս է գալիս ցուցակից եւ նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները: Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան եւ Լենա Նազարյան:

armtimes.com

 
Այս նյութը դիտել են - 2618 անգամ