Ուղիղ եթերով նոր սերնդի հայրենասիրական ոգին էր թևածում2017-04-03 12:41:00

Այսօր հյուրընկալվել էի Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում` մասնակցելու հարցազրույցի` «Ողջու՜ն Արցախ» հաղորդաշարում: Մթնոլորտը հրաշալի էր, լավագույն մարդկանցով շրջապատված: Հաղորդումը վարում էին Անի Մանգասարյանն ու Հունան Թադևոսյանը` իրենց գեղեցիկ տեսքով, հմայիչ խոսքով:
Օրեր առաջ Անի Մանգասարյանի հեռախոսազանգն ինձ մի փոքր անակնկալի բերեց: Հրավերը` մասնակցելու հարցազրույցի, սկզբում կասկածի տակ դրվեց` կապված անձնական խնդիրների հետ: Շուտով ընդունեցի առաջարկը, առավելապես, երբ խոսքը վերաբերում էր ապրիլյան պատերազմին ու նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:
Ապրիլը դառնակսկիծ է, բայց նաև հարազատացած, այդտեղ ապրումներ կային, հերոսացած նահատակներ, և ինձ թվում էր` պարտք ունեմ նրանց հանդեպ, որ պիտի կարողանամ ի կատար ածել հանրային հեռուստատեսությամբ` ի տես հեռուստադիտողի: Մտավախությունս, որ շատ սուղ ժամանակահատվածում երևի չկարողանամ ամբողջ ասելիքս արտահայտել, կասկածի ենթակա չէր, բայց այն մի քանի րոպեներին իմ առջև նստած դպրոցականների հայրենասիրական ոգին էր թևածում ուղիղ եթերով:
Մինչ հաղորդմանը մասնակցելը` տարբեր դասարաններում հարցեր ունեի պարզելու: Ես համոզված էի, նաև երբևէ չէի կասկածել նոր սերնդի վարակիչ հայրենասիրությանը, բայց իմ հարցումը 11-րդ դասարանում, որքան զարմանալի, նույնքան հուզող էր: Իմ հարցը, թե Աստված չանի, հանկարծ մի նոր ապրիլ լինի, արդյո՞ք նրանք նորից կվերադառնային Մարտակերտ: Միանշանակ «այո՛» հնչեց, մի բան, որ հիացմունքի էր արժանի: Իմ հաջորդ հարցը, թե արդյո՞ք տղաները ցանկանում են գնալ զինվորական պարտադիր ծառայության, նույնքան լեցուն էր հպարտության զգացումով, երբ տեղերից լսում եմ ձայներ, որ եթե հնարավոր լիներ, այժմ էլ կգնային հայրենիքին ծառայելու:
12-րդ հումանիտար դասարանում միակ տղան բացակայում էր, միայն աղջիկներն էին: Նրանց հետաքրքրում էր մեկ այլ թեմա: Հարկ եղած դեպքում իրենց ուսուցչուհին պետք է արտահայտեր նրանց միահամուռ կարծիքը, որ դեմ են անգամ մի թիզ հող հանձնելուն, երբ այդ հողը նրանց հարազատների արյունով է սրբագործված:
Նույն պատկերն էր նաև մյուս դասարաններում, զարմանալին այն էր, որ 7-րդ ա դասարանի ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն անգամ զարմանք հայտնեցին, թե արդյո՞ք իրենք ուրիշ տեղ ունեն գնալու, որտեղ էլ լինեն, ամենաքաղցրը իրենց հողն է, իրենց տունը, այն միջավայրը, որտեղ ապրում են: Եվ նրանց արտահայտած բազմաթիվ կարծիքների մեջ կերպավորվեց մի սուրբ հայրենիք:
Ես համոզված էի, որ հայրենասիրությունն այս սերնդի հոգու մեջ է, նա ականատես է պատերազմի, գրքերից ու ֆիլմերից չի տեղեկանում դրա մասին: Այս սերունդը գիտի, որ հայրենիքը չպետք է դատարկ մնա, այն իջևանատուն չէ, որ մարդիկ գան, մի քանի օր մնան ու հեռանան, հայրենիքը ծիծեռնակի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին քշի, տանի: Իմ առջև նստած աշակերտուհին է այդ սերունդը, նա ակամայից գալիս է այն մտքին, որ Արցախն իր հոգին է, և այդ մտածումներով. «Զոհվի՛ր, միայն փրկի՛ր հայրենիքդ» կարգախոսն է նրա սրտում:
Հայրենասիրությունն այս սերնդի համար սեր է մի ամբողջ հողի, մայր հայրենիքի, պետականության ու եռագույնի նկատմամբ: Նաև ապրիլը մի նոր փորձարան էր, հայրենյաց սերը հասարակ զինվորին տարավ հաղթանակի, նա ամուր կառչեց հողին, մեր կողքին քայլող մարդը դարձավ լեգենդ ու անմահացավ` այդ սերը փոխանցելով նոր սերնդին:
Թեման չնայած տարողունակ էր, ժամանակը` սուղ, բայց հաղորդումն այս օրերին շատ նպատակային էր, ես էլ` շնորհակալական զգացողությամբ, ուղղակի մի մեծ ափսոսանք մնաց տաղավարում…Ինչքա~ն շատ ասելու բան կար, որ չասվեց…
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3089 անգամ