Ավարտվել են Ազգային ժողովի 6-րդ գումարման համապետական ընտրությունները, աստիճանաբար ուրվագծվում են առաջիկա խորհրդարանում աշխատելու հնարավորություն ստացած ուժերի ու դաշինքների անունները: Եվ մինչ ԿԸՀ-ն ամփոփում է երեկ տեղի ունեցած ընտրությունների ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները՝ ներկայացնելով ստացված պատկերը, 168.am-ը շարունակում է զրուցել հայտնի մտավորականների հետ՝ լսելու և ներկայացնելու նրանց տեսլականը՝ ի՞նչ է մեզ սպասում առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ Ազգային ժողովի նոր կազմի հետ:
Մեր զրուցակիցն այս անգամ դերասան Հրանտ Թոխատյանն է
– Պարոն Թոխատյան, ինչպե՞ս եք:
– Քանի որ ես ներքուստ բավականին իրատեսական ու գոնե ինքս ինձ հետ հնարավորինս ադեկվատ մարդ եմ, վախենում էի մտածել այն ամենի մասին, ինչ կատարվեց երեկ՝ օրվա ընթացքում ու հատկապես գիշերը, բայց շա՜տ խորը մի տեղ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էի, ցավոք սրտի, որովհետև ամեն ինչ գնում էր դեպի դա:
– Երբ արդեն պարզ են ընտրությունների նախնական արդյունքները, կարո՞ղ ենք քննարկել՝ ի՞նչ դեր խաղացին դրանց վրա հասարակական ընկալումների այս կամ այն դրսևորումները, այսինքն՝ ժողովուրդը՝ իր ցուցաբերած վարքով:
– Ժողովրդի այն մտածելակերպը, ինչին մենք ականատես եղանք, սկսել է ձևավորվել դեռևս 1996 թվականի ընտրություններից հետո: Սկսած այդ ժամանակներից, մեր երկրում արվեց ամեն բան, որ ընտրակեղծիքները կամ վաճառված ձայներն ու հոգիները, որոնք առաջ կարող էին լինել, ասենք՝ 20-25 տոկոս, հիմա հասել է բավականին մեծ թվերի, չեմ էլ ուզում նույնիսկ տոկոսների մասին բարձրաձայնել, որովհետև ինքս ամաչում եմ:
– Ի վերջո, ինչի՞ արդյունք է դա՝ սոցիալական վատ պայմանների՞, դեգրադացված արժեքային համակարգի՞…
– Ձեր թվարկած տարրերն իմ կանխատեսվող պատասխաններն են, և հատկապես՝ դեգրադացված արժեքային համակարգը՝ շնորհիվ պրոպագանդիստական այն մեքենայի, որ աշխատում է տարիներ շարունակ՝ ի դեմս հեռուսաալիքների, թեկուզ՝ մամուլի: Սա ձևավորեց մի քաղաքացի, որին մենք այսօր ունենք և, որը պատրաստ չէ խորապես պատասխանատվություն կրել վաղվա օրվա համար: Փորձելով ապրել այսօրվա օրով, այն 20.000 դրամը, որ այսօր նրան տալիս են, կբավականացնի մաքսիմում երեք օրվա համար:
– Հետո այդ ընտրակաշառքի զոհերը երեք օր անց սկսելու են քննադատել նույն այն իշխանություններին, ով կաշառել էր և գնել իրենց ձայները:
– Այո, ընդ որում, քննադատել ֆեյսբուքյան պրոֆիլներում, կամ մաքսիմում՝ կողքի հարևանի հետ… և դրանից ավելի ոչնչի ընդունակ չէ: Երեկ մտածում էի՝ եթե մենք (ասելով «մենք»՝ նկատի ունեմ նաև ինձ) այդ ողջ գործընթացն այնպես կազմակերպեինք, որ ընտրությունը սկսվեր ոչ թե ժամը 8:15-ին, այլ 9:00-ին, և ընտրություններից առաջ ազգովի գնայինք Եռաբլուր, նոր այնտեղից միանգամից գնայինք ընտրության, երևի պատկերն այլ լիներ:
– Ձեր այս դիտարկման ենթատեքստն ինձ հուշում է բարձրաձայնել ապրիլի 2-ի գիշեր քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած ինտենսիվ հրավառությունների մասին: Մեր պաշտոնյաները երեկ ողջ օրվա ընթացքում, սկզբում՝ պարտաճանաչ այցելեցին Եռաբլուր, բայց նույն նրանք արդեն ժամեր անց չընդհատվող հրավառությունների ներքո տոնում էին հաղթանակը: Այս իրականությունը մեկնաբանության որևէ ձևի մեջ տեղավորվո՞ւմ է:
– Դրա համար առավոտյան՝ լուսաբացին՝ ժամը 5-ի կողմերը, Ոստիկանություն եմ կանչել: Մեր տան չորս բոլորը, որի շրջակայքում բավականին մեծ թվով ժամանցի վայրեր կան, գիտե՞ս՝ ի՜նչ մի հրավառություն էր տեղի ունենում, որն ավարտվեց ինչ-որ անհասկանալի առանձին կրակոցներով, մի ահռելի աղմուկ էր… Ես զարմացա, որ ժամանած ոստիկաններն ասացին՝ միայն ես եմ դիմել իրենց: Պարզվում է՝ որևէ այլ զանգ իրենք չեն ստացել:
Լա՛վ, բա էդ շրջակայքում չկայի՞ն գոնե մարդիկ, ովքեր տանը քնած փոքր երեխա ունեին, որ գոնե (ասում եմ՝ գոնե) դրա համար զանգեին ոստիկանների ու խնդրեին, որ նրանց կարգի հրավիրեին հասարակական կարգը խախտելու համար: Էլ չեմ խոսում քառօրյա պատերազմի հերոսների հիշատակի մասին, հասկանո՞ւմ եք…
Ես կարող էի նստել իմ մեքենան, գնայի այդ մարդկանց մոտ ու ասեի՝ էս ի՞նչ եք անում, արա, բայց ուզեցի՝ ոստիկաների հետ միասին գնանք, որ վաղը-մյուս օրը որևէ միջադեպի ժամանակ չներկայացնեն, թե ես խուլիգան եմ, որովհետև ես չեմ ուզում խուլիգան լինեմ, ես չեմ ուզում, որ մեր հերոսների հիշատակը պղծեն, որովհետև այնտեղ իմ երեխաներն են պառկած: Ամենահետաքրքիր ֆրազան այն եղավ, որ ինձ ասացին՝ դե ախր, Դուք էլ հասկացեք, պարոն Թոխատյան, մարդիկ տոնում են…
– Որդեկորույս մայրերի սուգն էին «տոնում»…
– Չէ՛, իրենց հաղթանակը… Ասում եմ՝ լսի, ա՛յ երիտասարդ, ախր մի տարի առաջ զոհված հարյուրից ավելի տղաներից ամեն մեկը համարյա քո տարեկիցներն էին: Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք:
– Ի՞նչ եք կարծում՝ հետընտրական ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում:
– Դատելով դեռևս տիրող հանգիստ իրավիճակից, հետընտրական զարգացումներ ես չեմ տեսնում, որովհետև ընտրություններին պետք է հաջորդեին մամուլի ասուլիսները, ինտենսիվ հայտարարությունները: Այդ ամենը դեռ չկա, միգուցե նաև այն պատճառով, որ դեռևս ընտրության վերջնական արդյունքները հրապարակված չեն: Ես ավելի շատ կուզենայի, որ այս ընտրությունները կոնսոլիդացիայի հիմք դառնային՝ բոլոր իմ գործընկերների, իմ ընկերների և այն մարդկանց համար, ում հետ ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում:
– Պարոն Թոխատյան, Ձեր նախընտրած ուժը, որի օգտին քվեարկել եք, անցե՞լ է նոր Ազգային ժողով:
– Ոչ: Ես երկու նախընտրած ուժ ունեի, որոնցից երկուսի առաջարկած գաղափարներն էլ ոչ միշտ էի լիովին կիսում, համենայն դեպս, դրանցից մեկն անցավ, մյուսը՝ ոչ: Ու, այնուամենայնիվ, ես լավատես եմ: Այսօր մի քանի պեսիմիստական գրառումների հանդիպեցի համացանցում, թե այս երկրում մնալն այլևս անիմաստ է, և այլն… Կներեք՝ չեմ կիսում:
– Բայց հիասթափության այս ալիքի ֆոնին, կարծում եմ՝ արտագաղթն անխուսափելի հետևանք է լինելու:
– Ցավոք սրտի: Եվ եթե մեզ չհաջողվի կանգնեցնել արտագաղթը, ապա հաջորդ ընտրություն էլ չի լինի, կլինի Կոմունիստական կարգերի պես՝ կհայտարարվի ընտրության օրն ու անմիջապես կհրապարակվեն արդյունքները, որովհետև ընտրություններին կներկայանա ընդամենը մեկ ուժ…
Այս նյութը դիտել են - 58011 անգամ