Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի շատ կայուն և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Ռուդիկ Յարալյանը` անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը:
-Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը քաղաքական տեսանկյունից ի՞նչ է փոխում տարածաշրջանում ընդհանրապես, Իրանի համար, մասնավորապես:
-Նախ ասեմ, որ կանխատեսելի էր, թե ինչ պետք է տեղի ունենար պատժամիջոցների վերացումից հետո, որովհետև նախքան դա մենք ականտես եղանք տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձին այն պետությունների կողմից, որոնք ավանդաբար Իրանի մրցակիցներն են համարվել: Խոսքը Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի մասին է: Մենք տեսանք, որ տարբեր հարցերում բավական ջղագրգիռ մոտեցումներ ցուցաբերվեցին Իրանի նկատմամբ, նորից զարկ տրվեց շիաների հետ կապված խնդրին: Կարծում եմ՝ ընթացիկ տարում ևս մենք ականատես կլինենք նմանատիպ հակամարտությունների դրսևորմանը Մերձավոր Արևելքի տարբեր օջախներում:
-Այսինքն` քաղաքական տեսանկյունից Իրանի մրցակից երկրները վտանգ են զգում, հետևաբար զգուշավորություն են ցուցաբերում:
-Այո, միանշանակ, որովհետև այստեղ առաջին հերթին Սաուդյան Արաբիան Իրանին դիտարկում է նավթային ոլորտում որպես մրցակից պետություն: Անշուշտ պատժամիջոցների վերացումը աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներում Իրանին բոլորովին այլ կարգավիճակում է դնում: Մինչ այս պահը, եթե Իրանը հնարավորություն չի ունեցել, իր ամբողջ պոտենցիալով մտնի համաշխարհային նավթային շուկա, հիմա արդեն դռներն ամբողջությամբ բացվում են Իրանի առջև: Դրանից բացի, նկատում ենք, որ Արևմուտքը Իրանին տարածաշրջանային հարցերում արդեն կարևոր դերակատար է դիտարկում: Թուրքիան էլ քաղաքական տեսանկյունից մտավախություններ ունի Իրանի դերի մեծացման առումով: Եվ պատահական չպետք է համարել նույն Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա և դրանից հետո լարվածության մեծացումը: Սրանք միմյանց հետ փոխկապակցված են: Անշուշտ այդ երկրները կփորձեն ինչ-որ դաշինքներ կազմել, խժդժություններ հրահրել Իրանի դեմ և կփորձեն որքան հնարավոր է դանդաղեցնել Իրանի լիարժեք մուտքը աշխարհաքաղաքական գործընթացներ:
-Պարո՛ն Յարալյան, տեղեկատվություն եղավ, որ ԱՄՆ-ն նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Թիրախն այն անձինքն են, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել բալիստիկ հրթիռների ստեղծման գործում: Ստացվում է մի կողմից ԱՄՆ-ն վեցնյակի շարքում իր համաձայնությունն է տալիս Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը, մյուս կողմից ինքն է անհատական պատժամիջոցներ սահմանում: Ի՞նչ խնդիր է լուծում ԱՄՆ-ն:
-Անշուշտ, այն, որ 6 խոշոր պետությունների հետ բանակցություններում Իրանը հաջողության հասավ, դա բնավ չէր նշանակում, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները միանգամից պետք է կարգավորվեն: Այս պետությունների միջև շատ ավելի խորքային խնդիրներ կան: Այստեղ կարելի է ասել մի ամբողջ համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որպեսզի սկսեն ուրիշ կերպ մտածել միմյանց մասին: Ուստի ես, քանի դեռ տեղի չեն ունեցել այդ համակարգային փոփոխությունները, ակնկալել, որ այդ հարաբերություններում առանձնակի ջերմություն կլինի, կարծում եմ միամտություն է:
- Հայաստանը ստեղծված իրավիճակից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ: Հնարավո՞ր է մեր երկիրը լինի կամուրջ Իրան-Արևմուտք կամ Իրան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում:
-Հայաստանը Հարավային Կովկասում այն միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի շատ կայուն և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: Եվ անշուշտ, այն, որ Իրանը տնտեսապես նոր հնարավորություններ է ձեռք բերում, առաջին հերթին տնտեսական տեսանկյունից Իրան- Հայաստան հարաբերությունները որոշակի մակարդակի վրա կբարձրանան: Հայաստանը հնարավորություն ձեռք կբերի մասնակցելու այն բոլոր նախագծերին, որոնք Իրանը կկապեն արտաքին աշխարհի հետ: Սրանք ենթադրություններ չեն, այդ մասին Իրանի կողմից եղել են կոնկրետ հայտարարություններ: Մենք պետք է հետևենք այս զարգացումներին, որպեսզի ընթացքից հետ չմնանք:
Այս նյութը դիտել են - 1570 անգամ