Երեկ Հովիկ և Արգամ Աբրահամյանների մեկենասությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը արարողությունից հետո պատասխանել է NewsBook-ի լրագրողի մի քանի հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորև.
- Պարոն Աբրահամյան, իշխանությունից օտարվելու պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ-ն:
- Օտարվելու որևէ խնդիր չկա, ես ուղղակի զբաղվեցի իմ որդու ընտրություններով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատի մարզի բնակչությանը, որ իրենց քվեն տվեցին իմ որդուն: Ես հասկացա, որ իմ որդին վաստակել է այդ հարգանքը: Ես կարծում եմ, որ դա տարիների արված գործի պատասխանն էր: Ես շնորհակալ և շատ ուրախ եմ, որ Արարատի մարզի բնակչությունը գնահատեց մեր ընտանիքի արված աշխատանքը:
- Երկար տարիներ ՀՀԿ-ի առանցքային դեմքերից եք եղել և մի օրում որոշելն ու հեռանալը բազմաթիվ հարցեր առաջացրեցին:
- Դա մի օրվա որոշում չի եղել, իմ որոշումը եղել է հստակ, և ես կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ է եղել ինձ համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իմ արած գործը և՛ կուսակցությունում, և՛ պետության մեջ կարող է մոռանալ: Եվ կարծում եմ, որ դրա պատասխանը ես ստացա և պատահական չէ, որ մի քաղաքի քաղաքապետը մի ամբողջ կուսակցության չափ ձայն է ստացել:
- Ձեր ապագան քաղաքական դաշտում ինչպե՞ս եք պատկերացնում:
- Ամեն ինչ դեռ առջևում է:
- Սպասե՞նք Ձեզ:
- Այո:
- Շատերը Ձեզ պարտված են համարում:
- Բայց ես որտե՞ղ եմ պարտվել:
- Ձեզ վարչապետի պաշտոնից հեռացնելը որակվեց որպես պարտություն:
- Դա իմ որոշումն է եղել, ինձ ոչ մեկ չի հեռացրել: Դա իմ որոշումն է եղել և իմ որոշման համար ես չեմ զղջում: Կարծում եմ, որ ճիշտ արեցի:
- Ձեր գնահատականը նրան, ինչ տեղ է ունենում այսօր երկրում:
- Բայց ի՞նչ է տեղի ունենում:
- Ասում են՝ փոփոխություններ, պարոն Աբրահամյան:
- Ես ուղղակի ուրախ կլինեմ, որ դրական փոփոխություններ լինեն ու կնպաստեմ դրան:
- Իսկ գործող թիմը կարո՞ղ է ապահովել այդ դրական փոփոխությունները:
- Ես կարծում եմ՝ այո: Ժամանակը ցույց կտա:
Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի
Այս նյութը դիտել են - 64084 անգամ