Պապան Ձեր համար մի բան կանի Hayeli
2017-04-07 14:18:00

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ որոշ ռեյտինգային թեկնածուներ, ովքեր ընտրվելու նպատակով ընտրակաշառք են բաժանել, սակայն համապատասխան թվով ձայներ չեն ստացել, այժմ փորձում են ետ ստանալ իրենց փողերը:

Օրինակ՝ aravot.am-ի Շիրակի մարզի Բասեն գյուղից ստացած տեղեկությունների համաձայն՝ պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը։

Այստեղ ևս, ինչպես և Գյումրու Անի թաղամասում, թեկնածուի շտաբի աշխատակիցները, ցուցակները ձեռքներին, տնետուն ընկնում ու հետ են պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամը։ Եվ երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազար դրամի դիմաց գույք տանել տնից։

Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից հաղթել են ԱԺ ներկա պատգավոր Արման Սահակյանն ու Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Շիրակից պատգմավոր դառնալու ուղղությամբ լուրջ աշխատանք էր տանում նաև ԲՀԿ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով այս ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն՝ Մարտուն Գրիգորյանը ընտրությունների համար  խոշոր վարկ է վերցրել և այժմ փաստորեն մանդատ չի ստացել, սակայն վարկը մնացել է նրա վրա:

Ծանր կացության մեջ են հայտնվել նաև նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Հակոբ Հայոբյանը /Թունելի Հակոբ/, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որոնք թեև խորհրդարան չեն անցել, սակայն բավական լուրջ քվեներ են ապահովել:

Արամ Հարությունյանը, օրինակ, 10 հազարից ավել ձայն է ստացել: Եթե հաշվենք, որ մեկ ձայնի համար նվազագույնը 10 հազար դրամ գումար է վճարվել, ապա կստացվի, որ թեկնածուն շուրջ 100 մլն դրամ գումար է կորցրել: Նման խնդիր ունեն օրդիոզ ՀՀԿ-ականներից Առաքել Մովսիսյանը, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը. մի խոսքով՝ անունները բավականին շատ են:

Նախօրեին <> ռադիոկայանի եթերում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ճակատագիր են ունենալու այս կարգի թեկնածուները, այս թվում նաև Առաքել Մովսիսյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հանրապետականը մեկ ընտանիք է, մեկ միասնական ընտանիք է, որտեղ ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը մանդատով չի որոշվում։ Առաքել Մովսիսյանը մեր եղբայրն է, մեր ընկերն է, մեր կուսակցական ընկերն է, ազգային ազատամարտի հերոսներից մեկն է, և մենք հպարտ ենք, որ ինքը մեր կուսակցության անդամ է, և հպարտ ենք բոլոր այն դերակատարներով, ովքեր որ ձայն են ապահովել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր որ ընդգրկվել են Հայաստանի հանրապետական կուսակցության թե՛ համապետական, թե՛ ռեյտինգային ցուցակներում և իրենց նպաստն են բերել Հանրապետականի հաջողությանը։ Մենք մի ընտանիք ենք, մի միասնական բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան»:

Շարմազանովը փորձել է մխիթարել ԱԺ չմտած պատգամավորներին՝ համարյա բառացի ասելով, որ իրենց բոլորի ամենազոր <>՝ Սերժ Սարգսյանը, մի բան կանի, չի թողնի որ յուր որդիքը դիլխոր մնան:

Իրականում Սերժ Սարգսյանն իսկապես խորհրդարան չանցած, սակայն կուսակցության համար լուրջ ձայներ ապահոված ռեյտինգային թեկնածուների նկատմամբ պարտավորություն ունի:

Այս մարդիկ սեփական ֆինանսական ռեսուրսները, վարչական լծակներն ու անձնական կապերը ներդրել են հանուն ՀՀԿ-ի ձայների:

Ճիշտ է, քարոզարշավի ժամանակ նրանք աջակցություն են ստացել նաև կուսակությունից, սակայն նրանց ներդրումը հարազատ կուսակցութան համար իսկապես մեծ է:

Մի կողմից Սերժ Սարգսյանը սկսել է ՀՀԿ-ն փոխելու և չիստկայի ենթարկելու գործընթացը, մյուս կողմից, սակայն, նոր ՀՀԿ-ականները դեռևս լուրջ քաղաքական հենարան լինել չեն կարող: Կասկածից դուրս է, որ ՀՀԿ-ի ձայների առյուծի բաժինը ապահովվել են ռեյտինգային թեկնածուները, իսկ մնացած  հատվածը՝ վարչական ռեսուրսի շնորհիվ:

Եթե այս մարդիկ իրենց քցված զգան, գալիք ընտրություններին ՀՀԿ-ն կարող է հենարանի և ռեյտինգային թեկնածուների պրոբլեմ ունենալ: Սերժ Սարգսյանը իսկապես լուրջ խնդրի առաջ է կանգնած. մի կողմից նա պետք է շարունակի ՀՀԿ-ի չիստկան՝ կուսակցությունը առավելապես թողնելով նոր կադրերի ազդեցության տիրույթում, մյուս կողմից նա պետք է հներին որևէ կերպ խրախուսելու և փոխհատուցելու ձև գտնի: Սա կլինի Սերժ Սարգսյանի ոսկերչական աշխատանքը. նա այս փուլում ամեն մեկին մի բան կտա, իսկ կարճ ժամանակ անց իրեն հատուկ ոճով կգտնի այդ նույն մարդկանց ցտեսություն ասելու ձևը:

 Հայկ  Դավթյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 2181 անգամ