Կենտրոնական զինհոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից. ինչ կապ ունի դա ընտրությունների հետ Armlur
2017-04-10 09:48:00

ArmLur.am-ի տեղեկություններով Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է Զինվորական կլինիկայի պետի պաշտոնից:

Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:

Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել: Թեպետ, Ասատուրյանը մինչև վերջին պահը վստահ է եղել, որ շեմն ապահովել է:

Եվ, ըստ երևույթին, միայն հաշվարկից հետո է պարզվել իրական պատկերը: ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Ասատուրյանից, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան մեր հարցի` ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում: Սակայն նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, ո՛չ հաստատեց:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ զինհոսպիտալում իր կադրերին աշխատանքի տեղավորելու մտադրություն ունի այդ տարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված և հաղթանակած Հարություն Կարապողոսյանը: Թե որքանով Ասատուրյանի` պաշտոնից ազատումը կապ ունի սրա հետ, պարզ կդառնա առաջիկայում: 
armlur.am

Այս նյութը դիտել են - 2619 անգամ