Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր պոլսահայ Գարո Փայլանը նախօրեին մեջլիսում իր ելույթը սկսեց հայերեն «Բարև ձեզ»-ով:
Հայազգի պատգամավորի ելույթը մեկը մյուսի ետևից տարածվեց առաջատար լրատվամիջոցներով և համացանցով, իսկ հայկական կայքէջերի համար դա մի իսկական գլխագիր էր: Հիրավի, թուրքական խորհրդարանում Գարո Փայլանի ելույթի մուտքը իրադարձություն էր հայության համար, որն իր նախադեպը չէր ունեցել:
Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները վերջերս կտրուկ փորձության են ենթարկում մեջլիսին. պետք չէ մոռանալ՝ օրեր առաջ Թուրքիայի նոր խորհրդարանի երդման արարողության ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության քուրդ պատգամավոր Լեյլա Զանանը յուրովի խմբագրեց պատգամավորների երդման տեքստը. նաերդումը սկսեց քրդերենով, իսկ տեքստում գրված «թուրք ժողովուրդ» բառը ընթերցեց «Թուրքիայի ազգեր»...
Նախօրեին, երբ Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից իր ցավն էր հայտնում Դիրաբեքիրի Սուր գավառում սպանված քուրդ փաստաբան Թահիր Էլչինի մահվան առիթով և դատապարտում էր լրագրողներ՝ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության փաստը, նա՝ հայազգի պատգամավորը, կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմուռուկը: Այս իրողությունը հանրության աչքից կարծեք՝ վրիպել է...
Պատգամավորի ելույթի ժամանակ, մեջլիսի նախագահ Իսմաիլ Կահրամանը հայտարարեց, որ ոչ ոքի թույլ չի տա վիրավորել երկրի հեղինակությունը: Վերջինիս հակադարձելով՝ Փայլանն ասաց. «Այդ պետականության հեղինակության վրա երեք մատ փոշի է նստած, մենք այդ փոշին ենք մաքրում»:
Իր խոսքի ավարտին հայազգի համարձակ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ներկա և նախորդ իշխանավորներին մեղադրեց Հայոց ցեղասպանության մեջ մեղսակցության, հանցագործության անպատժելիության մեջ և դա նա արեց չափազանց դիվանագիտորեն՝ ասելով. «Դժբախտաբար, մեր պետական պաշտոնյաններն արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են, սակայն նրանցից և ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Քանի հանցագործությունները չեն պատժվում, դրանք կկրկնվեն»: