Ազատվեք խոսնակից, քանի դեռ հերթական անգամ ձեզանից չեն ազատվել Newsbook
2017-04-11 18:38:00

Դպրոցների տնօրենների` ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու փաստը բարեհաջող քողարկելուց հետո հիմա ԿԳՆ-ում մի նոր դեպքի համար են արդարացումներ փնտրում: Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: Պատճառը տնօրենի զայրույթն է՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար:

NewsBook-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով կապ հաստատեց նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի հետ: Պարզվեց՝ խոսնակը հրաժարվում է մեր հարցերին բանավոր պատասխանել: Պատճառաբանեց, թե նախկինում աղավաղել ենք նրա խոսքերը:

Խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում խոսնակին հարցրել էինք, թե նախարարությունում տեղյա՞կ են, որ դպրոցի տնօրենները ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար:

Վերջինս պատասխանել էր, թե ծանոթ են մամուլի տվյալ հրապարակմանը, իսկ հրապարակումն այն մասին էր, որ Երևան քաղաքի մի շարք դպրոցի տնօրեններ զբաղված են ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելով:

Շարադրելով նրա խոսքերը՝ գրել էինք, որ Կրթության և գիտության նախարարությունում տեղյակ են, որ Երևան քաղաքի մի շարք դպրոցների տնօրեններ ձայներ են հավաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Նախարարության խոսնակը խիստ վրդովվել է մեր հրապարակումից: Նա այն համարում է իր խոսքերի աղավաղում:

Խոսնակի խոսքերը աղավաղելու խնդիր բնավ էլ չի եղել, հակառակ դեպքում նյութը կհրապակավեր այնպես, ինչպես ինքն է խոսում, այսինքն՝ խիստ անհոդաբաշխ: Չնայած դեպքեր կան, որ անհրաժեշտ է այդպես վարվել, որ ընթերցողը հասկանա, թե լեզվամտածողության ինչ թույլ կարողություններով մարդիկ են աշխատում ԿԳ նախարարությունում: Եվ եթե խոսնակ Լուսինե Մարգարյանը որոշել է մեր լրատվամիջոցի հետ շփվել բացառապես գրավոր հարցումներով, ապա նշենք, որ դա միայն վկայում է իր` բանավոր խոսքի հետ լուրջ խնդիրներ ունենալու մասին:

Ինչևէ, խոսնակի վրա չկենտրոնանալով՝ անցում կատարենք նախարարին. քանի դեռ դաշնակցականը զբաղված էր իր կուսակցության համար ձայներ հավաքելով՝ նրա ենթակաները ևս չէին ցանկացել հետ մնալ վերադասից: Ի վերջո, ղեկավարն ըմբռնումով կմոտենար տեղի ունեցողին: Այդպես էլ եղավ: Ընտրություններն անցան, իսկ տնօրեններին պատասխանատվության ենթարկելու, նկատողություն տալու մասին ոչ մի տեղեկություն: Նույնը կլինի նաև այս անգամ։ Սցենարի խիստ փոփոխություն չի նկատվի:

Լևոն Մկրտչյանի գրաֆիկն այս շրջանում հագեցած է պաշտոնը վերականգնելու վերաբերյալ հարցերով: Նա մտադիր է ամենաթողության մթնոլորտը շարունակելի դարձնելու համար վերընտրվել: Չենք բացառում, որ դա կհաջողվի նրան: Առջևում դեռ Երևանի ավագանու ընտրություններն են ու տնօրենների՝ ձայն հավաքելու ծառայությունների կարիքը իշխանությունը հաստատ կզգա:

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 3327 անգամ