«Սասնա ծռերից» հետո միայն մնում է գերազանցել նրանց մեթոդներն․ Վարդան Հակոբյանը՝ ընտրությունների մասինՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=143153&l=am/ Hraparak2017-04-12 22:50:00
Hraparak.am-ի զրուցակիցը դիրիժոր, քաղաքացիական ակտիվ քաղաքացի, «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Վարդան Հակոբյանն է։
-Պարոն Հակոբյան, ԱԺ ընտրությունների արդյունքներից հետո դեռ համարում եք, որ հայ ժողովուրդն այլ քաղաքական ո՞ւժ է ցանկանում տեսնել իշխանության գլխին կանգնած։
-ՀՀ-ում բոլոր ընտրությունների արդյունքները կեղծված են եղել, և նրանք երբեք չեն արտահայտել ժողովրդի իրական ցանկությունը, իսկ այս ընտրությունները բացառություն չէին կարող լինել, որովհետև նախկին ընտրակեղծարարները չեն պատժվել, այլ հակառակը՝ նրանք կատարելագործվել և խրախուսվել են: Ինքներդ տեսաք ՀՀԿ-Ի համար աշխատող դպրոցի տնօրենների բացահայտված քանակությունն ու մեթոդները, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ ոք չպատժվեց, ուստի ձեր պնդումը, որ տեղի է ունեցել ընտրություններ, չի համապատասխանում իրականությանը: Դեռ ընտրակաշառքների և այլ խախտումների մասին չեմ ասում: Նույնիսկ ԵԱՀԿ գրասենյակն ու Բրիտանական դեսպանատունը այլևս չեն կարողանում նախկինի պես մարսել ընտրախախտումները և բացահայտ հայտարարում են արդյունքների վրա ընտրակաշառքների ազդեցության մասին: Հետևաբար՝ ՀՀԿ-Ն լեգիտիմ ընտրված մեծամասնություն չի, և նրան ժողովուրդը չի լիազորել:
-Չնայած շարունակական բողոքներին, իրականությունն այն է, որ մարդիկ նախընտրել են Հանրապետական կուսակցությանը ձայն տալ, ըստ Ձեզ՝ սա վատ ընդդիմության մասին է խոսո՞ւմ, թե՞ լավ իշխանությունների, միգուցե այնուամենայնիվ իշխանություններից գոհ ժողովրդի՞։
-Ձեր հարցի մեջ նորից պնդում կա, թե ժողովուրդը ձայն է տվել ՀՀԿ-ին, որը նշանակում է դուք աչք եք փակում խայտառակ հնչեղության փաստերի վրա: Իսկ թե ընդդիմությունը որքանով էր լավ, կամ վատը, իմ կարծիքով ՀՀ ընդդիմությունը քաղբանտարկյալների և ռազմագերիների կարգավիճակով գտնվում է բանտերում: Ընտրություններին մասնակցող միավորումները գուցե ինչ-որ բանով տարբերվում էին ՀՀԿ-ից, բայց դա դեռ ընդդիմություն չի ինձ համար: Այսօրվա քաղաքական թիվ մեկ խնդիրը ինքնիշխանության վերականգնումն ու ապագաղութացումն է: Թե որքանով էր դա ընտրություններին մասնակցող միավորումների առաջնային նպատակը, դատեք ինքներդ: Ես նախընտրած միավորում չունեի, որովհետև նշածս օրակարգը ոչ մեկի թիվ մեկ մտահոգությունը չէր, իսկ թե ով որքանով է պատրաստ ՀՀԿ-ից լավը լինել, դա ինձ համար էական և համոզիչ չի, քանի որ նախ ընտրություններ իրականում չէր կարող լինել, երկրորդը իմանալով կեղծիքի մեքենայի հզորությունը, չէր կարելի մտնել դրա տակ, և դրանով լեգիտիմությունը տալ խաբեությանը:
-Իշխող կուսակցությունը ողջ քարոզարշավի ընթացքում այսպես ասած «ակնարկում էր», որ փոփոխությունները սկսում է ինքն իրենից, Դուք հավատո՞ւմ եք դրան։
-Ինչ վերաբերում է տրված խոստումներին, ծիծաղելի է նույնիսկ դրանց հավատալու մասին խոսելը, մենք Հայաստանից արտագաղթողների և աղքատության մասին տարեկան փաստացի ստատիստիկա ունենք, որն ամենախոսուն վկան է:
-Թերևս շատերն իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ին՝ «երկրպագելով» Կարեն Կարապետյանին։ Որպես քաղաքական կերպար, նա ընդունելի՞ է Ձեզ համար։
-Թե ով որքանով է հրապուրված Կարեն Կարապետյանի կերպարով, և քանի մարդ է դրա համար նրան ձայն տվել,Դուք չեք կարող իմանալ, որովհետև այդպիսի ստատիստիկա չկա, իսկ ինչ վերաբերվում է նրա ընդունելի կերպար լինելուն, նա արդեն իսկ իր աշխատած ժամանակով ապացուցել է, որ ոչնչով չի տարբերվում նախորդներից և չի էլ կարող տարբերվել, որովհետև համակարգը պարտադրում է իր կանոնները, իսկ Կարեն Կարապետյանը համակարգի մի մասն է և չի կարող նրան հակառակ գնալ:
-Համամի՞տ եք այն մտքի հետ, որ և քաղաքական դաշտում, և հասարակական դաշտում կարծես պայքարի բոլոր օջախները մարած լինեն։
-Քաղաքական և հասարակական կյանքում իրական պայքարի օջախ չի նշմարվում, իսկ թե գյուղապետի, կամ քաղաքապետի պաշտոնի համար ովքեր են պայքարում, դա ինձ հետաքրքիր չի: Իրական պայքար անկեղծ ասած չի էլ կարող լինել, որովհետև արդյունքի հասնելու համար «Սասնա ծռերից» հետո միայն մնում է գերազանցել նրանց մեթոդներն ու զորությունը, իսկ դա նշանակում է ավելի մասշտաբային ընդվզում: Այդպիսի ցանկություն ոչ ոքի մոտ չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ չի կարող լինել: Քաղաքական ճանապարհները վաղուց փակված են, որքան շուտ այս փաստի հետ հարմարվենք, այնքան լուծումը շուտ կգտնենք:
Սիրան Հունանյան
hraparak.am
Այս նյութը դիտել են - 75395 անգամ