«Քարավան» պարախմբի սաների հաջողությունը պայմանավորված է խմբի ղեկավարից և պարուսույցից....2017-04-13 00:11:00

Հայտնի է, որ մշակույթը մարդկային քաղաքակրթության այն միակ ու մշտնջենական լեզուն է, որով դարեր ի վեր միմյանց հետ են հարաբերվել աշխարհի ժողովուրդները, մերձեցել միմյանց ու բարեկամացել:
Մարդկային քաղաքակրթության կարևորագույն ատրիբուտներից մեկն է մշակույթը` կոչված լինելով մարդուն մարդ պահել:

Պարը, որ մշակույթի անքակտելի ու կարևորագույն մասնիկն է, առանց որի չկա, ուղղակի գոյություն չի կարող ունենալ որևէ ժողովրդի մշակույթ, այն ճյուղն է, որ աչքի է ընկնում իր առատ բազմազանությամբ:
Այն, ըստ էության, մարմնի հիմնական լեզուն է, որի միջոցով ազգերն ու ժողովուրդները փորձել են արտահայտել իրենց մենթալիտետային այն առանձնահատկությունները, որոնք դարեր շարունակ բնորոշ են եղել իրենց:

Հայ պարարվեստն, արդարև, պետք է համարել հայ ժողովրդի հոգեկերտվածքի մի յուրահատուկ արտահայտչաձև, որն աչքի է ընկնում իր բացառիկությամբ ու գեղեցկությամբ:
Անհնարին է ամբողջական պատկերացում կազմել հայոց մշակույթի մասին` առանց ծանոթ լինելու պարարվեստին, առանց հարաբերվելու մեր ժողովրդի հերոսական պատմությունից ու կենցաղից բխած մարդկային ոգու այս յուրահատուկ արտահայտչակերպչին:

Մարտի 25-ին, Լա Քանադա քաղաքում գտնվող Lanterman Auditorium-ում «Քարավան» պարի ստուդիան փառահեղ ելույթ ունեցավ՝ լոսանջելեսահայ հանդիսատեղի համար:
Համերգն անցավ ուղղակի աննկարագրելի մթնոլորտում:

Համերգի ընթացքում «Քարավանը» պարի միջոցով ներկայացրեց տարբեր ազգերի մշակույթներ ու նրանց պարարվեստին բնորոշ առանձնահատկություններն ի ցույց դրեց յուրատեսակ մեկնաբանությամբ:
Չափազանց արհեստավարժ մոտեցում էր ցուցաբերվել, ու ջանք չէր խնայվել` հատկապես տարբեր ժողովրդներին հատուկ տարազներն ու զգեստները պատշաճ կերպով ի ցույց դնելու, որպեսզի հանդիսատեսը հնարավորություն ստանա ծանոթանալու տարբեր ազգերին բնորոշ զգեստային առանձնահատկություններին:

Կարևոր է նշել նաև, որ կազմակերպչական առումով ևս ամեն բան անթերի էր:
Ոչ մի խտրականություն բեմում հանդես եկող երեխաների միջև, ինչն, անկասկած, խմբի ղեկավար և պարուսույց Էդգար Նիկոլյանի մասնագիտական բարձր որակների դրսևորման արդյունք պետք է համարել:
Նա կարողացել էր թափանցել յուրաքանչյուր երեխայի ներաշխարհ, նրանցից ամեն մեկին միայն հմուտ մանկավարժին հատուկ վերաբերմունք ցուցաբերել` հստակորեն հասկացնելով, որ նրանք բոլորն էլ իր համար կարևոր են, որ յուրաքանչյուրի պարը բեմում յուրահատուկ արժեք է իր համար:

Կարևոր է նաև խոսել «Քարավան» պարի ստուդիայի բեմադրիչ, խորեգրաֆ Արթուր Ալեքսանյանի ներդրած անգնահատելի լումայի մասին,ում յուրատեսակ ձեռագիրը հստակորեն նկատելի էր համերգի ընթացքում:
Համերգի հաջողության մեջ անգնահատելի էր նաև «Քարավան» պարի ստուդիայի ղեկավարի կնոջ`Կարինե Կալուստյանի ներդրած ավանդն, ով ոչ միայն ամեն բանով սատար էր կանգնել,այլև իր անկրկնելի մենապարով շտապել էր զարդարել բեմը:

Ու չնայած համերգի`բավական երկար տևողությանը`մոտ 3 ժամ, այն այնքան լավ էր կազմակերպված ու բարձր պրոֆեսիոնալիզմով,որ այդ երկար ժամերը րոպեներ թվացին թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:

Ի դեպ` փոքրիկների խմբում էին ընդգրկված նաև «Քարավան» պարի ստուդիայի ղեկավարի որդիները, որոնց պարն ուղղակի անզուգական էր: Զգացվում էր պապիկից, հորից ժառանգած տաղանդը:
Հայապահպանության հարցում չափազանց մեծ կարևորություն ներկայացնող հայ պարարվեստի պրոպագանդան սփյուռքում, որ կարևորագույն նախապայմաններից մեկն է հայ մշակույթը օտարության գրկում ապրող հայությանն առավել ընկալելի դարձնելու համար, անկասկած,պետք է գտնվի ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում:

Պետք է գնահատել այն մշակութային գործիչներին, որոնց ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում Սփյուռքում հայ մշակույթի քարոզն ու մատուցումը պատշաճորեն իրականացնել:

Նախարար Արմեն Ամիրյանի անտարբերությունն այս պարագայում՝ աններելի զանցանք կարող է դիտվել: Հուսանք, որ այն կշտկվի:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 41708 անգամ