Հոգու ցավ, որ իմաստավորում է եղբոր հավերժացած կյանքը 2017-04-14 12:13:00

Ռիտա Աթայան` պատասխանատվության զգացումով, իր գործին անշահախնդիր նվիրված, մարդկային լավագույն արժանիքներով օժտված անձնավորություն, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի: Կերպար, ով իր խառնվածքով կարողանում է հարգանք ձևավորել իր շուրջը, բայց ներաշխարհում կատարված նուրբ ու ցավալի հոգու տվայտանքները տեսանելի են դառնում միայն նրա հետ ունեցած զրույցում:
Մարդկային կյանքի խոհերն ու տենչանքները զուգահեռվում են վաղաժամ կյանքից հեռացած եղբոր հետ կապված հիշողություններով: Այստեղ հավատի ու կամքի հզոր մարմնացում կա` Ռոբերտ Աթայանի սգավոր մոր կերպարով, ով, առայսօր հոգում անթեղած որդու կորուստը, հավատի անշեղ ուղով գնում է դեպի Աստծո դուռը, որ աղոթք-մրմունջները հասանելի դարձնի Վերին բարձրյալին…
Ես էլ հիշողություններով Ռոբերտին տեսնում եմ տարիների հեռվից` մտերմական միջավայրում: Հստակորեն ու գեղեցիկ երևում է ինձ շիտակ ու ազնիվ մի պատանի, և մտածումներիս մեջ կերպավորվում է բարության մի հզոր մարմնացում:
Հայրենիքի օրհասական տագնապների մեջ է ներկայացնում քույրը հարազատ եղբորը, երբ Արցախյան շարժման սկզբից նա մասնակցություն է ունեցել ազատագրական պայքարին` զենքերի հայթայթման, թաքստոցներում պահպանման և ինքնապաշտպանական գործողություններին: Միևնույն ժամանակ նա եղել է Ն. Հոռաթաղի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր ծառայող` սարկավագ: Արցախի թեմի առաջնորդի կողմից լիազորված է եղել Մարտակերտի կիրակնօրյա դպրոցում դասավանդելու «Եկեղեցու պատմություն և կրոն» առարկան:

Մարդկային հոգու տառապանքին ձուլվում է կարոտը, մի մեծ ափսոսանք, որ կանթեղի լույսի պես առկայծում է ու նորից մարում, երբ իմանում ենք, որ 1966-ի հուլիսի 3-ին ծնված Ռոբերտը զոհվել է 26 տարեկանում, հուլիսի 4-ին: Նա իր բարձր կատարողականությամբ օժտված զինվորի հատկանիշների շնորհիվ` հրամանատարության կողմից 92-ի հունվարին հրավիրվել էր Կենտրոնական շտաբում ծառայության: Որպես պատասխանատու անձ` զենք ու զինամթերք է հասցրել շրջանի տարբեր սահմանային տեղամասերում տեղակայված ջոկատներին, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկվել է` օժանդակելու ինքնապաշտպանությանը: Նաև ակտիվ մասնակցություն է ունեցել շրջանի տարբեր գյուղերի ինքնապաշտպանական գծի խրամատաշինությանը և ինժեներական ամրակառույցների շինարարական աշխատանքներին:
92-ի հունիսից Ռոբերտը ընդգրկված է եղել Մարտակերտի պարետային ծառայության ջոկատում:
Սգավոր մի մեղեդի անցյալի հուշերը նորից թարմացնում է, հոգու մի խոր ցավ ներկայում իմաստավորում է մի հավերժացած կյանք: Տառապանքի վեհությունն է ամբարված քրոջ հոգում, որ պատմում է Ռոբերտի վերջին օրերի մասին: Ու կենդանանում է նորից 92-ի հուլիսի 4-ը. «Եղբայրս մեքենայով պտտվում էր Մարտակերտի փողոցներով` բնակչությանը տեղահանվելու մասին հրամանատարությանն իրազեկելու նպատակով: Հանձնարարությունը կատարելուց հետո կեսօրին շարժվել է դեպի քաղաքի «Դիլլաքեն աղբյուր» կոչվող վայրում տեղակայված պարետային անցագրային կետ` մինչև վերջին մարդու դուրս գալուն սպասելու համար: Նույն օրը` իր ծառայողական պարտականությունները կատարելիս, զոհվել է թշնամու հրետակոծության ժամանակ: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության մեդալով» »:
Բռնագաղթի ու տարագրության տագնապալից ճանապարհներին էինք. Ռոբերտ Աթայանի զոհվելու բոթը ցնցեց բոլորիս: Մեր ժողովրդին պատուհասած մղձավանջում հիշողությանս մեջ մնաց մի լուսավոր կերպար` մեր հոգևոր պատմության մեջ անմահացած մի երիտասարդ կյանք:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4285 անգամ