Մեռելոցին էլ մտովի եմ այցելում այն հեռավոր գերեզմանոցը2017-04-17 00:52:00
Ննջեցյալների հիշատակության օրն է… Լույս և խոնարհում բոլոր ննջեցյալներին:
Մտքերով ես այնտեղ եմ` այն հեռու-հեռուներում, որտեղ հանգչում են հարազատներս: Արցախյան պատերազմը մեզ հեռացրեց միմյանցից, ես դստերս հետ վերադարձա, մնացին նրանք օտարության մեջ: Ամեն անգամ այն հեռուներից երեք շիրիմ հառնում է իմ դեմ, և ես մտովի այցելում եմ նրանց…Գիտեմ, որ իմ հոգու տվայտանքներով շատերը կան, որ մտովի այցելում են իրենց հարազատներին, խոնարհումի խոսքեր ասում, այդ խոսքերի վշտահար բույրով ծաղիկներ խոնարհում նրանց շիրիմներին:
Տատս չէր սիրում իր փոքրիկ տնակից դուրս գալ, ամեն օրվա գնալու տեղը դա մոտակա աղբյուրն էր, իսկ ամենահեռու տարածքն այն անտառն էր, որտեղից մենակյաց ու տարեց այդ կինը երբեմն ցախ էր հավաքում: Մեր մանկությունը նրա մոտ էր անցել, դպրոցական տարիներին մեր արձակուրդներն էլ գյուղում էին անցնում` տատիս մոտ` Մոխրաթաղում: Ու այդպես կարող էր հետագայում շարունակվել մեր կյանքը` Մարտակերտից մեր գյուղ` այդ յոթ կմ ճանապարհը կտրելով ու շաբաթ-կիրակի օրերն անցկացնելով այնտեղ: Բայց 92-ի պատերազմը տեղահան արեց նաև տարեցներին, այդ թվում տատիս, ով ութ տասնյակ տարի ապրել էր այդ գյուղում: Բռնագաղթի օրերին, անտառամիջյան կածանով հազիվ շարժելով ոտքերը, կրեց այն բոլոր դառնությունները, որ կանխորոշված էին անգամ իր տարիքի մեծահասակների համար: Հայրենի գյուղը, իր փոքրիկ տնակը տատիս հետ էին միշտ, բայց հոգում տարավ նա, որ օտար հողում պահ տա իր կարոտը:
Հայրս էլ հանգչում է այնտեղ` այն հեռու-հեռավոր գերեզմանոցում: Բռնագաղթի օրերին մենք կորցրինք նրան…Այն անտառամիջյան արահետներով, մացառները հետ քաշելով, ոտաբոբիկ քարշ էինք տալիս մեր հոգնած ոտքերը: Ջուր չկար, հացի մասին խոսելն ավելորդ էր, մտածում էինք միայն փրկվելու մասին, երբ մեր գլխավերևում թշնամու ինքնաթիռներն էին սավառնում: Մենք հասանք Ստեփանակերտ…Լույսը բացվելուն պես` գնում էինք փնտրելու հորս այն խառը մարդկանց մեջ, որ գյուղերից էին գալիս: Մենք փախստականներ էինք, բայց ոչ մեր կամքով, որ պիտակավորվեցինք: Եվ այդ փախստականների մեջ օրեր անց գտանք հորս` փոշու մեջ կորած, ում հազիվ ճանաչեցինք: Հետագայում ռուսական մեծ քաղաքի դառնությունները կրեց իր հոգում ու հանգավ այնտեղ` այն հեռավոր օտար հողում:
Մայրս…Հետդարձի ճամփան չտեսավ նա, երբ գիտեր, որ այն գերեզմանոցում իր մայրն է հանգչում` տատս: Նաև մայրս երբևէ հորս հանկարծակի մահվանը չհամակերպվեց: Քայլերը նրան անընդհատ տանում էին այդ գերեզմանոցը…Նա իրեն այնտեղ էր տեսնում` հարազատների կողքին: Բայց որքա~ն փոքր է այդ տարածքն այն օտար հողում… Քույրս հեռուներից միշտ այցելում է նրանց, ծաղիկներ խոնարհում… Վառվող մոմերի առկայծումներում պատկերանում ենք մենք, որ հեռուներում ենք ապրում, և կարոտ կա մեր հոգում ու հեռուներում մնացած երեք շիրիմ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2798 անգամ