ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Քիչ առաջ ԴԱՀԿ լրատվական ծառայությունը Մ. Պողոսյանի անունից հետեւյալ հաղորդագրությունն է ներկայացրել:
«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Հետքը» հրապարակեց «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածը, որտեղ բացահայտել էր ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ շվեյցարական բանկերում ունեցած հաշիվները:
Այս նյութը դիտել են - 5314 անգամ