Ասա մի բուռ ազգ եք, ձայնի իմն ու քոնը որն է ...
2017-04-18 00:28:00

Հանրապետականները շարունակում են ներկուսակցական ձայնագողության դեմ բողոքել: Եվ որքան էլ ՀՀԿ-ի ղեկավարությունը փորձի կոծկել կուսակցության ներսում եղած լարվածությունը, այն այնքան խորն է, որ շատ հաճախ դրա արձագանքները հասնում են նաև հանրությանը:

Եվ սա շատ բնական է: Ռեյթինգային համակարգը, որ ներդրվեց այս ընտրություններին, անխուսափելի բերելու էր նման երևույթների: Նորմալ երկրներում, որտեղ մրցում են կուսակցությունները, մեծ հաշվով տարբերություն չկա, թե որ թեկնածուն կընտրվի կոնկրետ կուսակցությունից՝ կարևորը կուսակցության հաղթանակն է:

Եվ ընտրարշավն էլ ֆինանսավորվում է մեկ կենտրոնից. կապ չունի, կուսակցության բյուջեն ձևավորվում է անդամավճարներից, թե համակիրների հանգանակություններով: Այս դեպքում կուսակցությունն է վճարում:

Սակայն ՀՀԿ-ի դեպքում ամենինչ այլ է. վճարում էին թեկնածուները: Եվ շատ էին վճարում, մրցելով միմյանց դեմ, կաշառք բաժանելով, ահաբեկելով մարդկանց և այլ ճանապարհներով փորձելով ձայն բերել հենց անձամբ ամեն մեկն իր համար: Եվ նրանք բերեցին, հաճախ մի տեղամասում առաջին մի քանի հորիզոնականները զբաղեցնում էին հանրապետական մրցակիցները, որոնցից միայն մեկ կամ երկուսն են անցել խորհրդարան: Իսկ մնացածը…դե իսկ մնացածի ձայները գնացել են ՀՀԿ-ի համամասնական ցուցակին՝ այն անդեմ հանրապետականներին, որոնք ոչինչ չանելով դեպուտատ են դարձել:

Եվ ՀՀԿ-ի համար, ՀՀԿ-ի ղեկավարի համար մեծ հաշվով տարբերություն չկա, թե ով նրանցից կանցնի խորհրդարան: Սակայն այդ ռեյթինգային թեկնածուների համար այս հանգամանքը շատ կարևոր է: Եվ հիմա նրանք խաղից դուրս են մնացել:

Թերևս խնդալու է տեսնել, թե ինչպես են կարկառուն հանրապետականները բողոքում նրանից, որ իրենց ձայները գողացել են: Նույն այդ Վահրամ Բաղդասարյանը, որ ժամանակին երգում էր, թե մենք ինչ ժողովրդավարական ընտրություններ ունենք, այսօր՝ մանդատը կորցնելով, ընկել է դռնեդուռ ու լացում է, թե Դերժավայի Արկադը նրանից ձայն է գողացել: Թե բա ասա մի բուռ ազգ եք, ձայնի իմն ու քոնը որն է: 
Բա ու՞ր մնաց «մենք բոլորս մի ընտանիք ենք, Սերժ Սարգսյանն էլ մեր հայրը»: Ինչ արել եք՝ «ընտանիքի» համար եք արել: Հիմա էլ հանգիստ՝ առանց մանդատ ապրեք այն երկրում, որ ինքներդ ձեր «ընտանիքով» կառուցել եք: Թե՞ Վահրամ Բաղդասարյանը վախենում է, որ առանց մանդատ չի կարանալու պետության վզին իր օբյեկտի գազի պարտքը փաթաթի: Դե ոչինչ, բա ինքը հո մենակ չի տենց, ուրիշներն էլ են չէ ուզում տենց ռեստորան պահեն, հարկեր չտան, գազի համար չվճարեն…

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 22950 անգամ