Երեւանի ավագանու ընտրարշավը չսկսված կատաղի պայքար է ծավալվում Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ:
Նրանք երկուսն էլ քաղաքապետի թեկնածուներ են, Փոստանջյանը գլխավորում է վերջերս ստեղծած Երկիր Ծիրանի կուսակցության ավագանու ցուցակը, իսկ Նիկոլ Փաշինյանը Ելք դաշինքի ցուցակի առաջնորդն է:
Այս երկու ընդդիմադիր կուսակցություններն են, որ մասնակցում են ավագանու ընտրություններին,ինչպես նաեւ իշխող ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Իսկզբանե հասկանալի էր, որ պայքար է ծավալվելու նաեւ երկու ընդդիմադիրների միջեւ, քանզի նրանք մեկը մյուսին մրցակից են: Ու չնայած երկու թիմերից հավաստիացնում են, որ իրենց պայքարը ՀՀԿ-ի հետ է, միեւնույն է իրականությունը հակառակ պատկերն է ստեղծում:
Փոստանջյանը Էրեբունի ամրոցում հրավիրած ասուլիսի ժամանակ
այսօր մեկ անգամ եւս հայտարարել է. «Մեր թիրախը լինելու է ՀՀԿ-ն և Տարոն Մարգարյանը։ Մենք գալիս ենք հենց իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից, որովհետև այդ կուսակցության ներքո են տեղի ունեցել այն գործողությունները, որոնք բացարձակ խոցելի են դարձրել Հայաստանը»:
Սակայն հաջորդ րոպեներին Փոստանջյանի թիրախում է հայտնվել Ելք դաշինքը: Նա ասել է, որ Փաշինյանի և մյուսների խումբը սպոնտան կերպով ձևավորված, ոչ նույնատիպ գաղափարների և սկզբունքների շուրջ միավորում է, որին ձախողում է սպասվում: «Ես չգիտեմ, նրանք ի վերջո կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ, թե ոչ: Այնտեղ ներգրավված են տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներով, հետևաբար իրենք արդեն ներսում իրարից տարբեր են, միասնական չեն»,- պարզաբանել է Զարուհին` բացատրելով, թե ինչու իր թիմի և «Ելքի» միավորումն անհնար է համարում:
Առհասարակ դաշինքի նկատմամբ Փոստանջյանի բացասական վերաբերմունքը ավելի վաղ է ձեւավորվել:
Մի դրվագով այն հայտնի դարձավ օրերս, երբ տիկին Փոստանջյանը հյուրընկալել էր Կենտորն հեռուստատեսությանը ու եթերում Ելք-ի մասին հարցապնդումների ընացքում կորցրեց տիրապետումը, ոտքի կանգնեց ու հորդորեց դադարեցնել հաղորդումը: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ անհավասարակշռություն է իր կողմից նկատվում Ելք-ի մասին լրագրողների հարցադրումներին ի պատասխան, պարզապես ինչ-ինչ պատճառներով դրանց մասին չի բարձրաձայնվել:
Իհարկե, Ելքի որպես սպոնտան կերպով միավորված ուժի հարցում կասկածներ ունեն շատերը առ այն, որ այդ ուժի ձեւավորումը տեղի է ունեցել հայտնի կենտրոնում, քանի որ դաշինքը ձեւավորվեց խիստ անհասկանալի պայմաններում՝ Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հարաբերությունների լարման ընթացքում: Դրանից բացի առանց լայն կոալիցիայի ու քննարկումների երեք ուժերը հապշտապ դաշինքի համաձայնագիր կնքեցին՝ կանխելով այլ ուժերի միացումը իրենց:
Այս ու բազում հանգամանքների պարագայում ոչ միայն Փոստանջյանի, այլեւ շատերի մոտ է Ելք-ի հանդեպ կասկածներ առաջանում, ի տարբերություն շատերի, Փոստանջյանը որոշակի հանգամանքներից, անձնային հարաբերություններից ելնելով չի ցանկանում իրերն իրենց անուններով կոչել ,որովհետեւ անկախ ամեն ինչից այդ քննադատությունը դիտվելու է հարված ընդդիմությանը, կարեւոր չէ, որ այդ ընդդիմությունը ձեւավորվել է հայտնի վայրում, ի վերջո, նման ուժերը հերթով գալիս անց են կենում ու ոչ առաջինն են, ոչ վերջինը:
Այս ամենով հանդերձ հետաքրքիր էր նաեւ, վերջին պահին գրանցեցին Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությունը ու նա իրավունք ստացավ մասնակցել ընտրություններին:
Իշխանությունը կարող էր ամենատարբեր պատճառներով մերժել կուսակցության գրանցումը, բայց չմերժեց ու նորաստեղծ քաղաքական ուժը գրանցվեց ավագանու թեկնածության հայտեր ներկայացնելու վերջին օրը, երեկոյան, հասցրեց նաեւ այդ հայտը ներկայացնել:
Իշխանությունը չմերժեց Փոստանջյանին, քանզի այստեղ իր շահն ավելի ակնառու է: Նման կերպ հնարավոր է փոշիացնել ընդդիմության ձայները, որովհետեւ որքան էլ Ելք-ը իշխանության վերահսկողության տակ է, բայց նրա նկատմամբ ապահովագրումը երբեք չի խանգարի:
Այսինքն իշխանությունը Զարուհու միջոցով կկանխի անցանկալի ու հնարավոր զարգացումները:
Անի Սահակյան
Այս նյութը դիտել են - 40071 անգամ