Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանվարժական ինստիտուտը Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում մանկավարժական հեռակա կրթություն է կազմակերպում, որից այս պահին առավելապես օգտվում են Գեղարքունիքի մարզի դպոցներում աշխատող բազմաթիվ մանկավարժներ, ովքեր չունեն բարձրագույն կրթություն:
2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ուսուցչի պարտադիր կրթական շեմ, որի համաձայն, 2018թ.-ից սկսած, ուսուցիչ կարող են աշխատել «մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ» ունեցող անձինք։ Սա նշանակում է, որ մինչև 2018թ. Հայաստանի դպրոցներում դեռևս դասավանդող ավելի քան 5000 ուսուցիչներ, որը կազմում է մանկավարժական ընդհանուր կադրերի մոտ 13%-ը , ովքեր ունեն թերի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, կա՛մ պետք է աշխատանքից ազատվեն, կա՛մ պետք է բարձրագույն կրթություն ստանան։ Պետությունը այս օրենքի ընդունումից հետո մոտ 9 տարի ժամանակահատված է սահմանել, որպեսզի այս խնդիրն ունեցող մանկավարժները հասցնեն լուծել իրենց կրթական ցենզի հարցը:
Բայց հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ներկա պայմանները՝ բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը հատկապես հեռավոր մարզերում ապրող մանկավարժների համար չափազանց բարդ է: Նախ կրթության վարձավճարը մայրաքաղաքի բուհերում շատերի համար շատ բարձր է, և մանկավարժի ցածր աշխատավարձը հնարավորություն չի տալիս նրանց թեկուզ հեռակա կարգով սովորել նման բուհերում: Մայրաքաղաքում կրթություն ստանալը ենթադրում է ոչ միայն ուսման վարձի վճարում, այլ նաև ճանապարհածախս և Երևանում կեցության ծախսեր: Բացի այդ՝ գործող ուսուցիչների համար կրթության կազմակերպումը աշխատանքի և ընտանիքի հետ շատ դեպքերում նաև անհամատեղելի է: Ճիշտ է, մարզկենտրոն Գավառում գործում է նաև Գավառի պետական համալսարանը, բայց այնտեղ գնալ-գալը, ինչպես նաև ուսման վարձի բարձր շեմը լրացուցիչ խնդիրներ են հարուցում:
Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանվարժական ինստիտուտի ռեկտոր Նիկողոս Գասպարյանը օրենքի ընդունումից հետո, կատարելով սեփական վերլուծությունը, անմիջապես հասկացավ, որ պետք է կրթությունը մոտեցնել ուսանողին և այն դարձնել հնարավորինս հասանելի: Բուհի մայր կառույցը գործում է Վարդենիս քաղաքում՝ դեռևս 1994 թվականից, սակայն Գասպարյանը, քաջատեղյակ լինելով մարզի կրթական պատկերին, գիտեր, որ Մարտունու շրջանի գյուղական տարբեր դպրոցներում նախկին Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանն ավարտած բազմաթիվ մանկավարժներ են աշխատում: «Ես շատ լավ գիտեմ մեր մարզի դպրոցի և մանկավարժի խնդիրները: Իհարկե արդար չէր լինի, որ երկար տարիներ մանկավարժ աշխատած մարդիկ բարձրագույն կրթություն չունենալու պատճառով կորցնեին աշխատանքը, որովհետև նրանցից շատերը իսկապես կրթության նվիրյալներ են: Նրանք տարիներ շարունակ պահել են դպրոցը, ինչո՞ւ չէ՝ նաև գյուղը: Մինչև Վարդենիս հասնելու հնարավորություն շատերն իսկապես չունեն, այդ պատճառով էլ որոշեցի դասերը կազմակերպել իրենց համար ավելի հարմար վայրում՝ հենց իրենց մոտ, շաբաթ և կիրակի օրերին: Այսպես թե այնպես՝ ես բոլոր դասախոսներին հրավիրում եմ Երևանից: Նրանք գալիս են Մարտունի և Գավառ, դասախոսություններ կարդում, իսկ հաջորդ օրը, եթե դասացուցակով դասեր են ունենում, նաև Վարդենիս են գալիս: Դասախոսներին, իբրև ռեկտոր, բավականին բծախնդրորեն եմ ընտրում՝ բոլորը գիտական կոչումներ ունեցող երիտասարդներ են, որոնք քաջածանոթ են գիտության և դասավանդման նորարարական մոտեցումներին: Իրենք գիտեն, որ ես շատ պահանջկոտ եմ և թույլ չեմ տա, որ գան՝ ուղղակի ժամանակ սպառելու համար: Պիտի պատշաճ գիտելիք և որակ ապահովեն»,- մեզ հետ զրույցում նշեց Ն. Գասպարյանը՝ հավելելով, որ ուսման վարձը սահմանված է տարեկան 140 հազար դրամ, որը նվազագույն գին է բարձրագույն կրթության համար: Ուսանողների համար հատուկ գործում է երթուղային փոխադրամիջոց:
Հեռակա ավարտական՝ չորրորդ կուրսում այս պահին ավելի քան ութ տասնյակ ուսանղներ կան, որոնց ավելի քան 90 տոկոսը գործող մանկավարժներ են: Նրանցից մոտ երկու տասնյակը, ովքեր տարրական մանկավարժություն են սովորում, դասի են հաճախում Մարտունիում /դասերը կազմակերպվում են ավագ դպրոցի տարածքում/ և Գավառում:
Մեր այցելության պահին չորրորդ կուրսում /Մարտունիում/ դասախոսություն էր կարդում Մ. Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտություններրի թեկնածու Խաչիկ Հարությունյանը: Վարդենիսի համալսարանում դասախոսելը նրա երկրորդ աշխատանքն է. նա այստեղ գալիս է շաբաթ-կիրակի օրերին. <<Սա ինձ համար լուրջ փորձ է, և ես երբևէ չեմ առաջնորդվում այն մտածողությամբ, թե եկել եմ մարզային բուհ, որտեղ պահանջները բարձր չեն: Ես այստեղ կարդում եմ նույն դասախոսությունը, որը կկարդայի պետական համալսարանում: Պիտի ասեմ նաև, որ երբ լսարանում փորձառու մանկավարժներ են նստած, դասախոսի աշխատանքը շատ ավելի բարդ ու պատասախանատու է,- մեզ հետ զրույցում նշեց Խ. Հարությունյանը:
Ուսանողի աթոռին նստած են դասախոսից անհամեմատ ավելի տարիքով կանայք, ովքեր աշխատում են տարբեր գյուղերի դպրոցներում:Այստեղ կան չհավատարմագրված բուհերի ուսանողներ, ինչպես նաև այնպիսիները, ովքեր, պետական բուհերի շրջանավարտ լինելով, կրթությամբ ոչ մանկավարժ են և ուզում են ուսուցիչ աշխատել: «Ես 27 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, ավարտել եմ Բակունցի անվան ուսումնարանը: Կրկին ուսանող դառնալը ինձ համար հաճելի է, դասախոսներից էլ ենք շատ գոհ, կրթության որակից էլ, բայց պետության վերաբերմունքը մեզ համար վիրավորական է: Ես կարծում եմ, որ իմ 27 տարվա աշխատանքը արդեն իսկ բարձրագույն կրթություն է, բայց հիմա ես պարտադրված եմ այս տարիքում սովորել, որ աշխատանքս չկորցնեմ: Ինքս արդեն երկու ուսանողի մայր եմ և չգիտեմ՝ իմ ուսման վարձը վճարե՞մ, թե՞ երեխաներինը: Եթե պետությունը փորձառու մանկավարժների բարձրագույն կրթությունը պետության հաշվին կազմակերպեր, ես դեմ չէի լինի սովորել>>,- ասում է Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Սուսաննա Մելքոնյանը: Նրա համակուրսեցիները, ովքեր Բակունցի անվան ուսումնարանի շրջանավարտներ են, համակարծիք են նրա հետ: <<Ինչ-որ տեղ վիրավորական է, գիտե՞ք. ես 30 տարվա մանկավարժ եմ, 90-ականներին ցուրտ ու մութ տարիներին մենք տանն ենք դասավանդել, դպրոցում ցուրտ էր, ամիս է եղել անգամ աշխատավարձ չենք ստացել, բայց մեր գործը սիրելով աշխատել ենք>>,- ասում է Ձորագյուղի դպրոցի դասավար Զեփյուռ Հարությունյանն: «Ի վերջո ցանկացած օրենք ունի կետեր և ենթակատեր: Կարելի էր կետ մտցնել, որ 20 տարի և ավելի ստաժ ունեցող մանկավարժների վրա այդ պահանջը չտարածվեր»,- ընկերուհու խոսքը շարունակում է նույն գյուղի մեկ այլ մանկավարժ Գայանե Թադևոսյանը՝ հավելելով, թե ժամանակին իր ընտանիքը գյուղում պահել է հանուն սիրելի աշխատանքի, այլապես շատերի նման իրենք էլ հեռացած կլինեին:
Կարինե Սարիբեկյան
Այս նյութը դիտել են - 10483 անգամ