Երկու տարվա վաղեմություն ունեցող սրտի կսկիծը Քեթրին Միհրանին հանգիստ չի տվել ու նա վերջապես ելքը գտել է:
2016-01-18 11:47:00

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի գործերը հասան խորհրդարան: Ավելի ճիշտ կլինի ասել՝ խորհրդարանն այժմ Քեթրինի Միհրանից հատուկ պատվեր է ստացել: Այստեղ ներկայացվել է մի նոր օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, և խստացնել վարձակալության պայմանագրի պայմանները: Օրինագիծը հեղինակել են ԴԱՀԿ պետի հովանավորյալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Քեթրին գրուպ»-ի նախկին տնօրեն Արթուր Ստեփանյանը և «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը:

Ի՞նչ է նրանց ուզածը և ինչո՞ւ հատկապես հիմա կարիք զգացվեց անդրադառնալ դրան: Այս հարցերի համար հեշտ է պատասխաններ գտնել, եթե նախ հիշենք, որ տարածքներ վարձակալության տալու բիզնեսով զբաղվող ամենահայտնի պաշտոնյան հենց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է ու ինքն էլ չի թաքցնում դա: Բայց կա ևս մի փաստ, ինչն, այսպես ասած, խթան է հանդիսացել հիշյալ նախաձեռնությունը ստանձնելու համար:

Միհրան Պողոսյանը դեռ չի մոռացել, թե ինչպես մի անգամ կարող էր 5 միլիոն դոլարից ավել գումար ունենալ, բայց գործող օրենքի պատճառով իրեն բաժին հասավ դրա ընդամենը մի մասը: Մոտ երկու տարի առաջ նա 5 մլն 146 հազար 842 ԱՄՆ դոլարի դատական վեճ ուներ «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ: Բայց ստացվեց այնպես, որ արդյունքում, դատարանի որոշմամբ Պողոսյանը կորցրեց 5 մլն դոլար պարտքի մեծ մասը: Այս գումարի մի մասը՝ 1․5 մլրդ դրամը, գոյացած տոկոսներով, փաստորեն, ԴԱՀԿ պետը զիջեց Գևորգ Աֆանդյանին, նրանից պահանջելով ընդամենը 499 մլն դրամ:

Երկու տարվա վաղեմություն ունեցող սրտի կսկիծը հանգիստ չի տվել նրան ու վերջապես ելքը գտել է: Հիմա նոր օրինագիծ է հորինել, համաձայն որի, ըստ առաջարկվող փոփոխության, վարձակալի կողմից 2 անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության» առկայության վերաբերյալ, և որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից:

Քեթրինի  Միհրանը պարտվել չի սիրում: Եվ դա նրա համար վաղեմության ժամկետ չունի:
 
shame.am
Այս նյութը դիտել են - 1889 անգամ