Երևանում օրը ցերեկով, առանց խղճի խայթի ու ափսոսանքի հողին հավասարեցվեց Աբովյան ու Արամի փողոցների խաչմերուկում գտնվող շենքը...
2016-01-18 21:24:00

Երևանում օրը ցերեկով, առանց խղճի խայթի ու ափսոսանքի հողին հավասարեցվեց Աբովյան ու Արամի փողոցների խաչմերուկում գտնվող շենքը: Արամի 30 հասցեում գտնված, շուրջ 200 տարվա հնություն ունեցող, պատմական արժեք ներկայացնող շինությունը գտնվում էր բավականին բարվոք վիճակում, սակայն դա քիչ է հետաքրքրել նրանց, ովքեր պիտի սրբեին դրա հետքը Երևանի քարտեզից, քանի որ այլ ծրագրեր ունեն:

 Եվ հիմա քաղաքապետարանը տարածել է մի հաղորդագրություն, ուր ասվում է, թե շենքը քանդվել է այդ հատվածոմ մայթերը ընդլայնելու նպատակով: Ով հիշում է ու տեսել է շենքի դիրքը, կարող է հաստատել, որ նրա դիրքը թույլ էր տալիս հետիոտների ազատ անցուդարձին և չէր ստեղծում այնպիսի խոչընդոտ, որը պիտի դրդեր այդ ծայրահեղ քայլին:

Սակայն եկեք մի պահ պատկերացնենք, որ պատմական այդ կառույցն իսկապես շինված էր անհարմար վայրում: Նման դեպքում ի՞նչ են անում իրենց քաղաքն իսկապես սիրող, գնահատող, արժևորող մարդիկ: Առաջին հերթին մտածում են ելքեր, երբեմն նույնիսկ ոչ ստանդարտ լուծումնր: Էլ չենք խոսում այն մասին, որ պրոֆեսիոնալ ճարտարապետների ու շինարարների համար կա ոսկե կանոնը՝ քաղաքաշինական նոր նախագծերը պետք է համապատասխանեցվեն պատմաճարտարապետական հանգույցներին, ոչ թե այդ հանգույցները ոչնչացվեն սոսկ այն բանի համար, որ մարդիկ չեն ցանկանում իրենց նեղություն պատճառել և կամ ուղեղ չունեն այդ պարզ բաները հասկանալու համար: Ու հիմա, երբ քաղաքապետարանից ասում են, որ մայթերի համար շենք են ոչնչացրել, դա հնչում է նույն կերպ, եթե ասեն, որ աչք են հանել, որպեսզի ունքը ուղիղ մնա:

Ի դեպ, կարելի է այս մեթոդը կիրառել որոշ չինովնիկների նկատմամբ: Յուրաքանչյուր վնասված հուշարձանի դիմաց՝ մեղավորի աչքը:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1543 անգամ