Ամերիկահայ լրագրողը հայկական լրատվամիջոցին և փոխգնդապետին մեղադրում է իրեն զրպարտելու և մեղադրելու մեջ Newsbook
2017-04-26 23:23:00

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի` 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ ներկայացրած հայցով դատական երկրորդ նիստը:

Հայցը գտնվում է դատավոր Նելլի Ավետիսյանի վարույթում:

Դատական այսօրվա նիստին ներկա էր նաև Դավիթ Փերիխանյանի պաշտպանը` Մայիս Հովհաննիսյանը, որոնց բացակայության պատճառով էլ մարտի 31-ին սույն գործով անդրանիկ նիստը հետաձգվել էր:

  Գայանե Մանուկյանի վստահորդ Հարություն Հարությունյանը պատասխանող կողմին` Մայիս Հովհաննիսյանին և Լիլիթ Հովակիմյանի պաշտպանյալ Տիգրան Գալստյանին ներկայացրեց հայցադիմումում ներկայացրածը: 

Ըստ հայցադիմումի` ոստիկան Դավիթ Փերիխանյանն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Facebook սոցիալական ցանցում Գայանե Մանուկյանի մասին ռուսերեն վիրավորական գրառում է արել և ծաղրանկար հրապարակել: Հարությունը նշեց, որ, ըստ իր վստահորդի, վերոնշյալ օգտատերի գրառումը արատավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:  

4news.am կայքում այս տարվա հունվարի 21-ին հրապարակվել է «Ադրբեջանական լրատվամիջոցների բարեկամ Գայանե Մանուկյանի դավաճանական քայլը» վերնագրով հրապարակումը, որում, ըստ հայցվորի, ասված է եղել. «Լրագրողական հետաքննության արդյունքում usarmenianews.com կայքի ղեկավար Գայանե Մանուկյանն օրեր առաջ հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.am կայքին:

Թվում է, թե լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պետք է լինի այս հանգամանքը, սակայն լրատվամիջոցները չանդրադարձան այս փաստին, նույնիսկ քչերին հետաքրքրեց, թե ինչ բարեկամական կապ կա Գայանեի, ադրբեջանական լրատվամիջոցի և հատուկ ծառայությունների միջև: Այս կինը խառնակչություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության ներսում սկսած այն օրերից, երբ երկրում տիրում էր արտակարգ դրություն: Խոսքը «Սասնա ծռեր»-ի և նրանց գործունեության մասին է: Շատ հնարավոր է, որ Գայանեն ինֆորմացիա է տվել այդ օրերին ադրբաջանական լրատվամիջոցներում: Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանո՞վ է դա տրամագծորեն ճշմարտացի: Սա պետք է մտահոգի նաև մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության, մասնավորապես, նման խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս դավաճանություն` հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո, սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ պատիվ չբերող իրողությանը»,- լրատվամիջոցում զետեղված նյութը Գայանե Մանուկյանի վստահորդը ներկայացրեց որպես փաստական հանգամանք: 

Լիլիթ Հովհաննիսյանն էլ, ըստ Գայանե Մանուկյանի, զրպարտել է իրեն ադրբեջանական կայքին հարցազրույց, ինչպես նաև Հայաստանից ինֆորմացիա հաղորդելու համար, իսկ այն, որ ինքը բարեկամական կապեր ունի թշնամի երկրի հետ, վիրավորանք է: «Մեկնաբանություններ կային, որոնցից երևում է, որ մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ Գայանեն արել է շատ վատ արարք, որն արատավորում է նրա բարի համբավն ու արժանապատվությունը»,- նշեց Հարություն Հարությունյանը:   Հայցվորը պատասխանողներից մեկ միլիոն դրամ է պահանջում, վիրավորանքի համար որպես փոխհատուցում, իսկ երկու միլիոն դրամ էլ՝ զրպարտության համար:

Հարություն Հարությունյանը հայտնեց նաև, որ Գայանե Մանուկյանը սույն գործի շրջանակներում հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ Հարություն Հարությունյանն ու Տիգրան Գալստյանը միջնորդություն ներկայացրեցին դատարանին` լրագրող Արթուր Հայրապետյանին հրավիրել դատարան` որպես պատասխանող կողմը, ինչը, ըստ նրանց, կօգնի գործի քննությանը:

Հարություն Հարությունյանի խոսքով` վերոնշյալ կայքում Գայանե Մանուկյանի մասին գրված հրապարակման հեղինակը հենց Արթուր Հայրապետյանն է:

Մայիս Հովհաննիսյանն էլ առաջարկեց մերժել միջնորդությունը, քանի որ, ըստ նրա, չկան փաստեր, որ նա է նյութի հեղինակը: 

Դատավոր Նելլի Ավետիսյանը հետաձգեց դատական նիստը` միջնորդության հարցը քննելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին` ժամը 16:00-ին

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 6767 անգամ