Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնահերթություն է։ Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան Բրյուսելոմ անցկացված ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն հաստատել է, որ ստատուս քվոն անընդունելի է, և այդ հակամարտության խաղաղ լուծումը ԵՄ-ի համար մնում է առաջնահերթ հարց»,- նշվում է հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Խորհուրդն ընդգծում է, որ «անվտանգության հետ կապված իրավիճակը շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով մնում է լուրջ մտահոգության առարկա»։ «ԵՄ-ն կրկնում է զսպվածության և ԵԱՀԿ գլխավորությամբ բանակցություններին հետագա մասնակցության իր կոչը։ Բացի այդ, ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ ԵՄ-ն կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ նախագահների մակարդակով։ «Բացի այդ, ԵՄ-ն հաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու խաղաղաշինության ջանքերին, ինչպես նաև օգնություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած շրջանների վերակառուցմանն ու վերականգնմանը, երբ ձեռք բերվի խաղաղ պայմանագիր»,- եզրափակել է Խորհուրդը։
Այս նյութը դիտել են - 1300 անգամ