«Երկրի անվտանգության առումով մեդիա դաշտում վերահսկողության կարիք կա». Արթուր Ազարյան Mamul
2017-05-03 12:22:00

Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Որքանով է ազատ հայ մամուլն ու ինչ խնդիրներ կան այս դաշտում. MAMUL.am-ի թղթակիցն այս հարցերի շուրջ զրուցել է «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս Արթուր Ազարյանի հետ: Նրա դիտարկմամբ` ազատության առումով ներկայիս լրագրողները տրտնջալու խնդիր պետք է որ չունենան:

«Դաշտն ազատ է, խնդիրն ավելի խորամուղ լինելու, պրոֆեսիոնալ մակարդակի նյութ անելու մեջ է: Մակերեսային, խայծող, կարճ ժամանակում լսարան հավաքող նյութերը լուրջ չեն, խոսք չունեն»,- կարծում է Արթուր Ազարյանը:

«Եթե նայենք միջազգային պրակտիկային, այն, ինչ մեզ մոտ հրապարակվում է, հիմնականում մերժելի է, և այնտեղ դա դեղին մամուլի բաժին է համարվում: Մեզ մոտ խնդիրը լուրջ, խորագիտակ մամուլի բացակայությունն է:

Լրագրողի վարկանիշը պայմանավորված է հրապարակվելիք նյութերի խորությամբ, խորագիտակությամբ:

Եթե դիմացինը գիտի, որ դու նյութին տիրապետում ես, գիտես ու պատկերացնում ես դաշտը, քեզ չսիրելով հանդերձ լուրջ կվերաբերվի»,- համոզված է մեր զրուցակիցն, ում խոսքով` մեզ մոտ դա բացակայում է: Արթուր Ազարյանին առավել մտահոգում է, որ մեզ մոտ այսօր բովանդակությամբ դատարկ նյութերի առատություն կա.

«Խնդիրն իմանալ, ոլորտն ուսումնասիրել, մենաշնորհի և կոռուպցիայի դեմ լրջորեն պայքարել գրչի միջոցով` դա բացակայում է: Ով ինչ ասաց մյուսին, որը շատ անէական է...»:

Թեև մեր զրուցակցի կարծիքով` մամուլում լրագրողներն ազատության առումով տրտնջալու տեղ չունեն, բայց նույնը չի կարելի ասել մեդիա դաշտի մասին:

«Մեդիան մեզ մոտ սահմանափակումներ ունի: Եթե «Երկիր մեդիա»-ն պատկանում է Դաշնակցությանը, եթե «Կենտրոն»-ը սպասարկում է «Բարգավաճ Հայաստան»-ին կամ Գագիկ Ծառուկյանի շահերը, ենթադրաբար, չի կարող ազատ լինել, այդտեղ կորպորատիվ շահեր և հետաքրքրություններ կան, հետևաբար` սահմանափակումներ»,- մեզ հետ զրույցում նշեց հրապարակախոսը:
     Նրա խոսքով`որպեսզի ունենաս ազատ հեռուստատեսություն, պետք է զերծ լինես մեկենասությունից, ինչ որ մեկի շահերը պաշտպանելուց:
     «Հայաստանում հեռուստատեսությունը դեռևս անկախություն չունի, որովհետև ինչպե՞ս կարող է բիզնեսմենն ունենալ ազատ հեռուստաընկերություն: Եթե դուք ներկրող եք, կարո՞ղ եք մաքսայինին քննադատող հոդված գրել»:
     Արթուր Ազարյանին առավել մտահոգում է, որ այսօր մեզանում լուրջ, կշիռ ունեցող հոդվածների փոխարեն գերակշռում են ոչինչ չասող վերնագրերով նյութերը:
     «Կայքերում մի ուրիշ աղբ կա` տիրաժավորումը, քոփի-փեստը, առանց խորամուղ լինելու, առանց նյութի հավաստիությունը ճշտելու, ուղղակի տիրաժավորում է: Չիմացությունն ու անգրագիտությունը, ինքնատիպ երևալու ճիգը, պետք է բացառվի»,- գտնում է լրագրողը:
     Ամփոփելով զրույցն Արթուր Ազարյանը նշեց, որ այս ոլորտում առաջին հերթին կփոխեր մտածելակերպն ու մոտեցումը: «Կբացառեի անիրազեկ մարդկանց մուտքը լրագրություն: Այսօր տեղից վեր կացողը թերթ է հրապարակում: Ինքս խիստ ազատամիտ մարդ եմ և խոսքի ազատության ջատագով, բայց մեր երկրի անվտանգության առումով դաշտում վերահսկողության կարիք կա»,- ամփոփեց նա:

mamul.am

Այս նյութը դիտել են - 88997 անգամ