Արա Աբրահամայանը խրախուսել է Հայաստանի և Սփյուռքի մշակույթի հայ գործիչներին
2017-05-03 21:57:00
Լրագրող Գայանե Պողոսյանը ՖԲ իր էջում գրել է.
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսասատանի հայերի միության, Սփյուռքի նախարարության և Ժուռնալիստների միության հայտարարած համահայկական մրցույթում ակնարկի ժանրում իմ հոդվածները ճանաչվել են 2016-ի լավագույն հրապարակում, նաև արժանացել են հազար դոլար պարգևի: Անչափ հաճելի է, որ դու քո գործն ես անում, նույնիսկ տեղյակ չես մրցույթի մասին, բայց զանգում են քեզ ու ասում, որ հոդվածներդ հաղթել են համահայկական մրցույթում, որ խոսքի վարպետ հեղինակավոր մտավորականները գնահատել են աշխատանքդ, իսկ քո հայրենակից գործարար- բարերարը՝ Արա Աբրահամայանը, որոշել է խրախուսել Հայաստանի և սփյուռքի մշակույթի հայ գործիչներին::
Կրկնակի ուրախ եմ, որ հաղթել եմ ակնարկի ժանրում, որովհետև, ըստ իս, դա լրագրության ամենաբարդ, գրողական ձիրք պահանջող և ամենամարդասիրական ժանր է: Կերպար կերտելը իմ տարերքն է: Բազմապատիկ ուրախ եմ, որ հաղթել են ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված վավերագիր-նովելներս, որոնք տպագրվել են Հայ զինվոր թերթում, ապա տարածվել են այլ լրատավամիջոցներով:
Հպարտ եմ, որ իմ աշխատանքը պատիվ է բերել իմ թերթին, որի հետ է կապված գրեթե ամբողջ լրագրողական գործունեությունս: Շատ կուզենայի, որ Հայ զինվորի ամբողջ կոլեկտիվը կողքիս լիներ, որովհետև ընկերներս շատ էին ուրախացել իմ հաջողությամբ, սակայն հրավիրատոմսերի սակավության պատճառով միայն Հասմիկին, Ժաննային ու Սամվելին կարողացա հրավիրել, բայց մյուսները հոգով ինձ հետ էին:
Կողքիս էր նաև լրագրության մեջ իմ ուսուցիչներից մեկը՝ գրող , հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, որը կողքիս էր նաև այն ժամանակ, երբ նոր էի սկսում իմ աշխատանքը Հայ զինվորում, և քաջալերում էր ինձ , ասելով, որ ինձ մեծ ապագա է սպասվում....
Շնորհակալ եմ բոլորիդ, բոլոր նրանց, ովքեր գնահատում են ինձ, ովքեր սիրում են ինձ, ովքեր կիսում են և դժվարություններս, և հաջողություններս, տխրում և ուրախանում են ինձ հետ.......
Այս նյութը դիտել են - 26452 անգամ