Հայտնի դառնալու և բարվոք ապրելու մի մեծ երազանք2017-05-04 09:49:00
12-րդ դասարանում նրանց խոսքերը յուրովի տարբերվում էին մեկը մյուսից, թե տասը տարի հետո ինչպես են իրենց պատկերացնում: Երբեմն վերածվում էր պատրանքի կամ այնքան իրական էր հնչում, որ իսկապես նրանց տեսնում էի տարիներ հետո տարբեր աշխատատեղերում կամ ընտանեկան հոգսերի մեջ: Ուշադրությանս է արժանանում Գեղեցիկ Ղուլյանի միտքը. «Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իր ապագայի հատակագիծը ուրվագծում, իսկ այն գծելիս պետք է սթափ լինես, քանզի դա քո ապագայի փոքր թելն է»:
Առավել հետաքրքիրն այն է, որ այս թեման նաև բնավորություն էր պարզաբանում, թե ով ինչպիսին է իր բնույթով. «Ես շատ հանգիստ անձնավորություն եմ, ինձ համար մեկ է, թե ինչ կկատարվի շուրջս, ես մտովի միշտ իմ երազանքների հետ եմ: Շատերին թվում է, թե իրենք ինձ գիտեն, բայց սխալվում են»:
Բնույթով, իրոք, նա շատ հանգիստ է, կազմակերպված, ամեն անգամ նրան հայտնաբերում եմ նորովի ու անթերի: Այս անգամ էլ ուզում եմ բացահայտել նրա հոգում տեղ գտած առեղծվածը, որը գուցե շատերին է յուրահատուկ. «Մարդկանց ճակատագրեր գուշակելն ու տարիներ հետո նրանց տեսնելն առեղծվածային է, ինչպես որ առեղծված էր այն, որ Հիսուսի խաչը փայտից էր, սիրտը` ոսկուց, իսկ հիմա մարդկանց խաչն է ոսկուց, սիրտը` փայտից»:
Նրա խոսքերում նաև երազանքների իրականացման ճանապարհին խորհուրդներ կային. «Զսպի՛ր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարաններ մի՛ սարքիր, երբ ցավեցրել են քեզ. ահա երազանքների իրականացման մի ճանապարհ: Բոլորին խորհուրդ եմ տալիս` ապրել ու վստահել իրենց ուժերին, որ ինչ-որ բանի հասնեն այս կյանքում: Տե՛ր կանգնեք, ձեր երազանքներին և տարիներ հետո կլինեք այնպիսին, ինչպիսին դուք եք երազում տեսնել ձեզ»:
Եվ նրա երազանքների մեջ թևածում է բարեկեցիկ կյանք ստեղծելու ու դրան հասնելու նպատակը, որ նրանց բազմանդամ ընտանիքի համար տարիներ շարունակ գերագույն երազանք է եղել, ու հիշողությանս մեջ նրա կյանքից հեռացած հայրիկն է, նրա մայրը, որ բազմիցս խորհուրդ էր հարցրել ինձնից, թե ում կարող են դիմել` իրենց ավերված տան վերակառուցման հարցով, որ այս օրերին իրականություն է դարձել:
«Երազում եմ, նաև վստահ եմ, որ կկարողանամ բարեկեցիկ կյանք ստեղծել: Իմ երազանքն է` դառնալ հայտնի, դեռ մանկուց եմ ծրագրել իմ ապագան, և դա անփոփոխ է: Ասում են` կյանքում ընտրի՛ր ամենադժվար ուղին, այնտեղ դու չես հանդիպի մրցակիցների, և հավատա՛ ինքդ քեզ, երբ ոչ ոք քեզ չի հավատում, և դու կլինես հաջողակ ու անվանի: Երազանքներիցս մեկն էլ հարուստ լինելն է, որը բխում է առաջինից, եթե լինեմ հայտնի, հետևաբար`կլինեմ նաև հարուստ ու ճանաչված: Իմ առջև շատ նպատակներ ունեմ, տասը, միգուցե քսան տարի հետո տեսնում եմ դրանք իրականացրած: Առհասարակ չեմ սիրում իմ հետագա անելիքների մասին պատմել, դրանք միշտ իմ հոգում են, նաև` իմ սեփական նպատակներից հրաժարվելը կտանի ինձ անիմաստ կյանքի»:
Գալիքի մասին մտորումները հորդում են նրա էությունից, որ համակված են լուսավոր ու կենսալից տրամադրությամբ, և անանուն մի երազ-բաղձանք` գորովանքով լի, բարձունքներ է կարոտում, որտեղ բարվոք ապրելու ցանկություն կա, հայտնի դառնալու մի մեծ երազանք:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 9514 անգամ