Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները Տարոն Մարգարյանին հաղթանակ են մաղթում․ Hraparak
2017-05-08 09:53:00
«Հրապարակ»-ը գրում է

Համերգը կազմակերպվել էր Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ինչի մասին իր խոսքում հայտնեց Ներսիկ Իսպիրյանը։ Նա նաեւ նշեց, որ մայիսը հաղթանակների ամիս է, եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաղթանակ է մաղթում։

Կոչ արեց հավաքվածներին միասին վանկարկել՝ հաղթանակ։ Տարոն Մարգարյանը համերգին հետեւում էր Ազատության հրապարակի մոտակայքում գտնվող «Ատլանտիկ» սրճարանից։

Համերգից հետո Ներսիկ Իսպիրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ թե՛ Տարոն Մարգարյանի եւ թե՛ մյուս երկու քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթացել է եւ առավել կողմնակից է Տարոն Մարգարյանին․ «Ընդդիմադիրներն էլ են մեր եղբայրները։

Բոլոր դեպքերում ժողովուրդն է ընտրողը, կարծում եմ՝ կկողմնորոշվի»։ Ներսիկ Իսպիրյանի որդին՝ Արաբոն, մեր հարցին՝ Երեւանի ավագանու ընտրություններում ինքը եւս հաղթանակ է մաղթո՞ւմ գործող քաղաքապետին, ասաց․ «Ոնց որ հայրիկս ասում ա, այդպես էլ մենք անում ենք։ Ինքը, լինելով մշեցու զավակ, լավ տպավորություն է թողել իմ մոտ եւ ասեմ, որ Տարոն Մարգարյանը շատ հայրենասեր մարդ է»։

Հարցին՝ ծանո՞թ է մյուս քաղաքապետի թեկնածուներին, նրանց նախընտրական ծրագրերին, Արաբոն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 3223 անգամ