Երեւան քաղաքի թիվ երկու ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Գեւորգյանն առաջարկում է սպասել իրավապահների պարզաբանումներին, որից հետո պարզ կդառնա, թե ով ինչ կապ է ունեցել ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների ժողովի աղմկահարույց ձայնագրության հետ:
Այս մասին Արթուր Գեւորգյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում, չցանկանալով մեկնաբանել մամուլում հրապարակված այն վարկածը, որ միայն Արթուր Գեւորգյանին կարող էր շահեկան լինել ՍԱՍ-ի սկանդալը, քանի որ եթե այդ աղմուկից հետո Արտակ Սարգսյանը վայր դներ պատգամավորական մանդատը, ապա նույն ընտրատարածքից 3-րդ առավելագույն ձայներ ստացած Արթուր Գեւորգյանը կընտրվեր ԱԺ պատգամավոր:
- ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրության հետ կապված ձեր անունը հոլովվեց:
- Հոլովեցիք դուք՝ լրագրողներդ, դուք ինքներդ էլ պատասխանեք:
- Որեւէ առնչություն չե՞ք ունեցել:
- Իհարկե՝ ոչ: Ես ասեցի՝ դուք եք հոլովել իմ անունը, դուք կարող եք գտնել դրա պատասխանները:
- Հիմա ձեր փոխհարաբերությունները Արտակ Սարգսյանի հետ ինչպիսի՞ն են:
- Արտակ Սարգսյանն իմ ընկերն է ե՛ւ հիմա, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ վաղը:
- Որեւէ բան չի՞ փոխվել այդ ձայնագրության հրապարակումից հետո:
- Ոչ, իհարկե՝ ոչ:
- Ո՞ւմ կարող եք ձեռնտու լինել այդ ձայնագրության հրապարակումը, դա ձեր ընտրատարածքն էր:
- Ես չեմ կարող ասել: Հարցը գտնվում է իրավական դաշտում, շուտով դուք կարող եք ստանալ բոլոր պատասխանները, թե որքանով պարոն Սարգսյանը կապ ունի այդ պատմության հետ, դա էլ արդեն պարզ կդառնա:
- Գանք ձեր գործունեությանը: Դուք շարունակում եք ղեկավարել բռնցքամարտի ֆեդերացիան, հիմա կրկին պատգամավոր եք, ձեր օրենսդրական գործունեությունը ո՞ր հանձնաժողովում կլինի, արդեն պատկերացնելի՞ է ձեզ համար դա:
- Նույն հանձնաժողովում՝ կրթություն, սպորտ եւ մշակույթ:
Արթուր Գեորգյանը ԱԺ պատգամավոր վերընտրվեց այն բանից հետո, երբ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը Արտակ Սարգսյանի հետ առավելագույն ձայներն էր ստացել թիվ 2 ընտրատարածքում:
Արտակ Սարգսյանը ԱԺ պատգամավոր է 2004 թվականից, 5-րդ գումարման խորհրդարանում որեւէ ելույթ չի ունեցել, ընդամենը մեկ անգամ է ԱԺ խոսափողն օգտագործել, այն էլ պարզաբանում տրամադրելու վերաբերյալ:
Արթուր Գեւորգյանը նույնպես ԱԺ-ի սակավախոս պատգամավորներից է: Parliamentmonitoring.am կայքի ուսումնասիրության համաձայն՝ Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել:
Այս նյութը դիտել են - 95695 անգամ