Մեր հայրենիքն ունի բոլորիս համախմբված ուժի կարիքը 2017-05-12 10:41:00
Շարադրությունների ԼՂ հանրապետական մրցույթում առաջին տեղ գրաված Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտուհի Անգելինա Անդրյանի մտքերը նախորդ օրերի` իր ապրումների վերարտադրությունն էին` Արցախի հարաբերական խաղաղության, արտագաղթողների, հայրենի հողի պաշտպանների, բոլորիս համախմբվածության մասին, որ բարձրաձայնեց նա` որպես նոր սերնդի մտահոգություն: (Նրա ստեղծագործական շարադրությունը` «Երբ վտանգված է հող հայրենին», տեղադրվում է որոշ կրճատումներով):
«Միշտ իմ բաղձալի երազանքն է եղել` ապրել Ռուսաստանի Դաշնությունում: Կարծում եմ` ոմանք կսկսեն քարկոծել ինձ, սակայն երազանքս արդարացում ունի: Ես ծնվել եմ հենց այնտեղ: Երևի այդ պատճառով էլ կարոտով լցված սիրտս ու միտքս ինձ այդքան ձգում էին դեպի ծննդավայրս: Միշտ էլ երազել եմ` գնալ այնպիսի երկիր, որտեղ չկա պատերազմի սպառնալիք, որտեղ կարելի է հանգիստ ու խաղաղ ապրել, որովհետև Արցախում «խաղաղություն» ասվածը սահմանային փոքր պատերազմների միջև ընկած կարճատև ժամանակահատվածն է: Ես միշտ էլ ցանկացել եմ ապրել այնտեղ` իմ ծննդավայրում, որտեղ խաղաղ է երկինքը, բայց միայն Արցախում ապրած մանկությանս տարիներն ու հասունացած հոգիս են ինձ հետ պահել, քանի որ այս տասնյոթ տարիների ընթացքում Արցախն ինձ համար հարազատ տուն է դարձել, և հաճախակի եմ հիշում հոգուս հարազատ դարձած սահյանական տողերը. «Ախր ուրիշ տեղ ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա....»:
Միշտ էլ մտածել եմ` որտեղ էլ լինեմ, գիտեմ, որ Արցախն իմ աստղն է, առանց որի ապրել չեմ կարող, և ուր էլ գնամ, կհասկանամ, որ «Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն է, գետի եզերքին, Ծառերի տակին», ու կշարունակեմ ապրել իմ հայրենի հողում` ականջս սահմանային կրակոցների ձայնին, հոգիս` տագնապով լեցուն:
Ապրիլյան պատերազմի օրերին ծնողներս ինձ ուղարկեցին օտար ափեր, և կարծես անչափ գոհ էի ճակատագրից նման հնարավորության համար` մտածելով, որ այնտեղ էլ կշարունակեմ իմ ուսումը: Առաջին ամիսն անհոգ անցավ, ինձ զգում էի, ինչպես տանը` հայրենի հողի վրա: Երկրորդ ամսում արդեն անհանգիստ էի, անսահման կարոտ ու սեր ունեի հարազատ Արցախիս հանդեպ: Հեռու լինելով Մարտակերտից` ես իսկապես հասկացա, թե ինչքան դժվար է ապրել ուրիշ տեղ, դրա համար էլ նորից վերադարձա իմ հայրենի տուն:
Ես վերադարձա իմ հողը` կարծես ցանկանալով կանգնեցնել արտագաղթողների թիվը, որ ոչ ոք չհեռանա հայրենիքից: Եկա, որ դեմ արտահայտվեմ արտագաղթին, երբ ճակատագրի հույսին են թողնում այս մի բուռ հայրենիքը: Բայց այստեղ ամեն անգամ կրակոցներ լսելիս գլուխներս կորցնում ենք, յուրաքանչյուրիս համար էլ թանկ է իր կյանքը, բայց պիտի իմանանաք, որ հայկական խաչով կնքված հայկական արյունը հայ հողի վրա պիտի սերունդ տա, պաշտպանի սահմանը, շենացնի ու պահպանի նրա մշակույթն ու պատմությունը:
Նորից եկա ես` գիտակցելով, որ սև է պատերազմը, այն բազում կորուստներ ունեցողների ու որբացած մանուկների հիշողությունն է, մայրական տառապանք: Մեկ րոպե լռությունն այստեղ այնքա~ն խոսուն է դարձել…Չկա այս աշխարհում ավելի բարձր սրբութուն, քան անմահ հերոսների ոգիների մենությունը: Նրանք կերտեցին փառավոր Արցախս, իմ այսօրը, իմ ներկան…Ես ատում եմ պատերազմը: Ես ատում եմ այդ խոսքը, երբ շուրջբոլորս երգի պես կրկնում են. «Պատերազմ հաստատ կլինի»: Ես ատում եմ այն անհանգիստ վախը, որից ծնվում են ամենաահավոր պատկերացումները:
Իսկ ես ի՞նչ եմ անում սերնդի վաղվա օրվա համար… Ոչի՛նչ, ոչ մի բան չեմ անում կարծես: Ապրում եմ աշխարհի տարբեր երկրների մարդկանց նման, բայց բոլորի մոտ չկա իմ մեկ օրվա ապրած սարսափը: Ես չեմ սնվում այդ սարսափով, չեմ վախենում այն ամենից, ինչ միմիայն իմ երկրում է ակնկալվում: Ես չեմ փախչում շատերի նման, ապրում եմ իմ աղքատիկ քաղաքում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող: Ես ամեն անգամ ապրում եմ իմ մեկ օրով, երբ կողքիս անմահ հերոսների ոգիների մենությունն է աղաղակում:
Ապրիլյան դեպքերից հետո ժողովուրդս կաթվածահար եղած, ծառի տերևի պես դողում է ամեն քամուց ու ամպրոպից: Հանկարծակի լսելի դարձած կրակոցների արձագանքները երբեմն խախտում են շրջապատի լռությունը: Բայց ամեն օր վախը սրտումս փակում եմ աչքերս ու աղոթում վաղվա համար, աղոթում եմ սահմանը պահողների կյանքի համար: Պատահում է, որ չեմ կարողանում գիշերը հանգիստ քնել, վախը ներխուժում է ներսս, կարծես քնի մեջ էլ մղձավանջի տեսքով մի նոր ապրիլի երկուս եմ տեսնում: Վեր եմ թռչում տեղիցս, արդեն առավոտ է, շուրջս` խաղաղ… Եվ ինչքա~ն լավ է, որ այս մի գիշերն էլ անցավ, նորից ուրախ եմ, որ առավոտը բարի էր ու շատ խաղաղ, և այդ օրը ես չտեսա այն սև գույնը և չզգացի այն տհաճ հոտը պատերազմի: Հանգիստ շունչ եմ քաշում` մտածելով, թե ինչքան լավ է, որ երազ էր: Երբեմն մտածումներով հեռուն եմ գնում, ինձ խեղդում են այդ պահին սառած արցունքներս, և մի պահ մոռանում եմ խոսելու ունակությունս:
Իմ օրերը լռությամբ են շաղախված, ունեն տխրության համ: Սառած քամին գրկել է հոգիս, սփոփում է ինձ… Անձրևին զուգընթաց` լացում են նաև հիշողություններս: Զինվո՛րս, դու ինձ պաշտպանի՛ր, ես` քեզ, բայց մի՛ մոռացիր գույնը պատերազմի»:(Անգելինա Անդրյան):
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4815 անգամ