«Այսօր»-ը գրում է
Եթե հանցագործ շղթայի մաս է նաև իրավապահ համակարգը, մենք, այդ թվում` լրագրողները, չենք կարող ավելին բացահայտել, քան բացահայտել ենք, այսօր «Ազատություն» ռ/կ եթերում ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ քննարկումներին:
«Այդ բացահայտումները չեն կարող տեղի ունենալ առանց օպերատիվ աշխատանքի, առանց գաղտնալսումների, առանց հետաքննության և այլն: Քանի որ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը այս հանցավոր շղթայի մաս են` մենք մաքսիմում բացահայտել ենք», - ասաց Ն. Փաշինյանը:
Նա նշեց` տրվել են մարդկան անուն-ազգանունները ու նրանց պետք է պարզապես տանել, ցուցմունք վերցնել, մեղադրանք առաջադրել, ուղարկել գործը դատարան:
«Ընդ որում՝ ես կարծում եմ, որ այս պարագայում Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ առնվազն պետք է դատարանի առաջ կանգնեն, օրինակ` հայտնի Արտակ Սարգսյանը` «Սաս»-ի Արտակը: Ինձ համար ակնհայտ է, որ եղած փաստական բազայի պարագայում Արտակ Սարգսյանը հիմա` առաջին նիստում իսկ, պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, կանդալները քցեն նրա ձեռքը, տանեն ձեզ հայտնի վայրեր», - ասաց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով.
«Եթե Վլադիմիր Գասպարյանն ինքն է ցուցակ գրում… Դրանից հետո էլ գեներալի պագոններ են կպցնում իրանց վրա` ման գալիս, արա՛ եֆրեյտոր եք դուք` ի՞նչ գեներալ: Մենակ եֆրեյտորի հոգեբանություն ունեցող ոստիկանապետը կարա հրահանգի իր ծառայողին, որ գնա Տարոնի համար քո սպաներին գրի` ով քանի ձայն կբերի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: