Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններին, ասաց, որ դրանց պաշտոնական տվյալները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների տված ձայների միջոցով:
«Ընտրական պրոցեսներն անցել են ընտրախախտումներով, համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, որոնք ունեցել են կազմակերպված բնույթ, և մեզ հաջողվել է ձեռք բերել անառարկելի փաստեր, որոնք ապացուցում են ընտրակաշառքի առկայությունը:
Ոստիկանությանը տրվել է ՀՀԿ-ի ձայները ապահովելու գործը:
Չնայած այս ամենին, «Ելքը» ճանաչում է ընտրությունների արդյունքները»:
Ահա այսպես: Եվ ուրիշ ոչ մի կերպ:
Ընտրությունները կեղծվել են, խախտումները համատարած են եղել, ոստիկանությունը խառնվել է ընտրական գործընթացին, բայց, մեկ է՝ ընդունում ենք:
Երևի հենց սա է այդքան երազած, շեփորահարած ինստիտուցիոնալ ընդդիմությունը:
Որին թույլատրվում է կծել, թռչել տանիքից տանիք, աղմկել, բոցաշունչ ելույթներ ունենալ, մի խոսքով՝ ամեն ինչ կարելի է, բայց մի սահման կա, որը չպետք է անցնեն: Նրանք էլ չեն անցնում: Արդեն երկրորդ անգամ:
Վստահ ենք, այսուհետ էլ ցանկացած մակարդակի ընտրությունները լեգիտիմ են ճանաչելու:
Սա շատ է հիշեցնում «Կովկասի գերուհին» ֆիլմի այն հատվածը, երբ Մհեր Մկրտչյանը աղջկան փախցնելու վերաբերյալ Շուրիկին ասում է. «Հաշվի առեք, ավանդույթը պահանջում է, որ ամեն ինչ բնական երևա: Ոչ ոք ոչինչ չի իմանում: Հարսնացուն կարող է դիմադրել, կծել, ոստիկանություն կանչել, գոռալ, որ շրջկոմ կզանգի, բայց դուք այդ ամենին ուշադրություն մի դարձրեք. դա հին, գեղեցիկ ավանդույթ է»:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
Այս նյութը դիտել են - 4740 անգամ