Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ցուցասրահում բացվեց Էմիլ Գազազի ցուցահանդեսը
2016-01-19 12:00:00

Հունվարի 14-ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ցուցասրահում բացվեց գեղանկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի ցուցահանդեսը: Ներկայացված են հիմնականում նրա վերջին շրջանի ստեղծագործությունները, որոնք այլ ցուցասրահներում դեռ չեն ներկայացվել: Հյուպատոսությունն այդ առիթով հյուրընկալել էր հայ և օտար արվեստագետների, Գազազի արվեստի երկրպագուներին: Գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը Էմիլ Գազազին հանձնեց Հայաստանի Նախագահի շնորհակալագիրը և ՀՀ Սփյուռքի նախարարության Արշիլ Գորկի մեդալը: Եվս մեկ պարգև Էմիլ Գազազը ստացավ Հայաստանի խորհրդարանի ղեկավարից. ԱԺ ներկայացուցիչ Անդրանիկ Սարգսյանը արվեստագետին հանձնեց պատվոգիր՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից: Հյուպատոս Արմելլա Շաքարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը պատրաստակամ է իր հարկի տակ ներկայացնել հայազգի արվեստագետներին՝ այդպիսով նրանց հայ և օտարազգի արվեստասերներին առավել ճանաչելի դարձնելու համար: Այդ շարքը Էմիլ Գազազով սկսելու շարժառիթը Հայաստանից ստացած պետական պարգևներն էին: Հետագայում նույնպես, ըստ Արմելլա Շաքարյանի, գլխավոր հյուպատոսության հարկի տակ կկազմակերպվեն ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ:



Այս նյութը դիտել են - 2437 անգամ