Մեր օրերում խոսքի ազատության վրա տաբու, կարծես, չկա, սակայն, ինչպես ամեն տարի, այս տարի էլ Մամուլի ազատության միջազգային օրը կրկին բարձրացվեց այս հարցը։ Ինչպես միշտ, բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների տեսակետները խոսքի ազատության առնչությամբ խիստ տարբեր են։ Հատկապես հետաքրքիր է խոսքի ազատությունը դիտարկել արդարադատության տեսանկյունից։ Ի՞նչ բան է ազատությունը և ի՞նչ չափով է այն արտահայտված արդարադատության ոլորտում, այս և խոսքի ազատության այլ դրսևորումների շուրջ զրուցեցինք արդարադատության նախկին նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։
-Խոսքի կամ կարծիքի արտահայտման ազատությունը հիմնարար ազատություն է, որը ներառում է ինչպես սեփական կարծիք ունենալու, այնպես էլ տեղեկատվության միջոցներով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը,- ասաց նախարարը։
- Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` բացառիկ իրավիճակներում: Սա ժամանակակից ժողովրդավարական իրավակարգերի հիմնաքարային մոտեցումներից է: Այս մոտեցումը որդեգրվել է նաև մեր իրավունքի կողմից: Արդարադատության համակարգը, այս առումով, ունի իր յուրահատկությունները: Ահավասիկ, քրեակատարողական համակարգը, որտեղ այս ազատությունը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, և դա արդարացված է:Միաժամանակ արդարադատության իրականացման ոլորտը՝ դատարանների գործունեությունը, հանրային գործունեության ամենահրապարակային ոլորտներից է:
Գիտենք, որ Հայաստանում արդարադատությունը որպես կանոն իրականացվում է հրապարակային դատական քննության ձևով: Դռնփակ քննություն իրականացվում է բացառիկ դեպքերում` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Այնպես որ, յուրաքանչյուր ոլորտում կարևոր են առանձնահատկությունների ճիշտ արձանագրումն ու խոսքի ազատության իրացման բավարար պայմանների ապահովումը:
Ազատ մամուլը երկրի հարստությունն է: Չեմ կարող չհիշել Ալբեր Քամյուի հայտնի խոսքերը. «Ազատ մամուլը կարող է լինել լավը կամ վատը: Բայց միանշանակ է, որ անազատ մամուլը լինում է միայն վատը»:
-Ըստ Ձեզ, խոսքի ազատությունը պե՞տք է սահման ունենա, թե՞ ոչ։
-Իհարկե, նման սահմաններ կան, և դրանք շատ հստակ ձևակերպում ունեն: Դեռևս Մարդու և քաղաքացու իրավունքների 1789 թվականի ֆրանսիական հռչակագրում, օրինակ, մարդու ազատությունը մեկնաբանվում էր այսպես. «Անել ամենը, ինչը վնաս չի հասցնում այլոց»:
Այսպիսով՝ յուրաքանչյուրի բնական իրավունքների իրականացումը սահմանափակված է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների կողմից նույնպիսի իրավունքներից օգտվելը: Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով:
Այս իրավական կանոնը, որոշակի հղկումներից հետո, մինչ օրս բոլոր առաջադեմ իրավակարգերի հենասյուներից է: Նախորդ դարի 20-ականների վերջին ԱՄՆ-ի գերագույն դատարանի անդամներից մեկը հետևյալ ձևով է մեկնաբանել այս երևույթը. մարդն իրավունք չունի գոռալու` «հրդեհ» կինոթատրոնի մարդաշատ դահլիճում միայն այն պատճառով, որ այդ պահին և այդ վայրում ցանկություն ունի բարձրաձայն արտաբերելու «հրդեհ» բառը:
Արդյոք սա խոսքի ազատության սահմանափակո՞ւմ է: Այո, սահմանափակում է: Այս սահմանափակումը կոչվում է պատասխանատվություն… Ընդհանրապես, ազատությունը ուղղակիորեն փոխկապակցված է պատասխանատվության հետ: Որքան անպատասխանատու է մարդը, այնքան անազատ է նա: Դա ստրուկն է: Ստրուկը չունի պատասխանատվություն: Պատասխանատվությունը նրա տիրոջն է։ Ստրուկն ինքը ոչինչ չի որոշում:
«Ամենաազատ մարդը ամենապատասխանատու մարդն է: Նա պատասխանատու է իր արածի և ասածի համար»: Այս կանոնը կիրառելի է նաև լրատվամիջոցների նկատմամբ: Ֆինանսական դժվարությունները չեն արդարացնում պատվերները մամուլում, իսկ հասարակությունը մեղավոր չէ, որ ինչ-ինչ պատճառներով լրատվամիջոցը ենթարկվում է քաղաքական, ֆինանսական կամ այլ ճնշումների, գայթակղությունների և իրեն մատուցում, մեղմ ասած, անորակ, ուղղորդված կամ խեղաթյուրված տեղեկատվություն:
-Վերջերս Փաստաբանների պալատի անդամները ձեռնակռվի անցան խոսքի ազատությունը չարաշահելու պատճառով։ Ինչպե՞ս եք դա մեկնաբանում։
-Խոսքի ազատությունն այստեղ, իմ կարծիքով, որևէ առնչություն չունի: Որքան թույլ է տալիս դատել հրապարակային տեղեկատվությունը, այս իրավիճակի պատճառը չափազանց լարված միջանձնային հարաբերություններն են եղել: Տպավորությունն այնպիսին է, որ ժամանակին իրար լավ ճանաչած մարդիկ հիմա միմյանց հետ չեն շփվում, սակայն բավական նպատակային ու հաջողված սեղմում են դիմացինի՝ քաջ ծանոթ թույլ կետերը տեղեկատվական պատերազմների միջոցով: Հենց դրանք էլ բերել են նման անհեթեթ հանգուցալուծման:
Այլ հարց է, թե ինչ խորքային, այդ թվում` հայեցակարգային տարակարծություններ և սկզբունքային մոտեցումներ են եղել փաստաբանների այս խմբերի միջև: Ինչ էլ եղած լինի, այսպիսի դրսևորումներն անհարիր են բարձր առաքելություն ունեցող անհատներին, և, ելնելով մասնագիտության և Փաստաբանների պալատի հեղինակությունը բարձր պահելու հրամայականից, հենց իրենք պետք է հարթեն բոլոր կնճիռները: Իսկ բուն միջադեպը, կարծում եմ, կհետաքննվի օբյեկտիվորեն և արդար:
-Պարոն Մանուկյան, քանի որ խոսքի ազատության շրջանակներում է մեր զրույցը, օգտվելով այդ ազատությունից, ուզում եմ հարցնել` մտադի՞ր եք վերադառնալու քաղաքական դաշտ և ի՞նչ ձևաչափով։ Ի դեպ, շատերին հետաքրքրում է նաև, թե ինչով եք այժմ զբաղվում։
-Զբաղվում եմ մասնավոր մասնագիտական գործունեությամբ, նաև այլ ոլորտի բիզնես ծրագրերով: Ակտիվությանս մի մասը նվիրում եմ հասարակական և բարեգործական աշխատանքներին: Իսկ քաղաքական ակտիվության մասով ասեմ, որ ոչինչ բացառված չէ: Ինչպես ասում են՝ օրը կգա, բարին հետը:
-Հայաստանի քաղաքական դաշտը արդյո՞ք խոսքի ազատությունն ու «բեսպրեդելը» իրար չի խառնում, ինչը տարածում է նաև հասարակության այլ շերտերի վրա։
շարունակությունը՝ այստեղ