Երազանքների աստղաբույլ են յոթերորդցիները2017-05-18 12:48:00
Նրանցից յուրաքանչյուրը յուրովի իր ցանկությունն էր արտահայտել` մեկը մյուսից հետաքրքրիր ու զարմանալի, և նրանց արագ վրձնահարվածներով առանձնանում էր կապույտ երկինքը, որ խաղաղություն էր ավետում ամբողջ աշխարհին: Երբեմն դասերից հեռացած աշակերտից առանձակի ոչինչ չես ակնկալում, բայց ահա զարմանքը պատում է, երբ ընթերցում ես մի քանի տողերում գեղեցիկ ցանկության մասին, որ նա կախարդական իր վրձնով «կգունավորեր և կպայծառացներ անզավակ մայրերի, այրի կանանց և սերը կորցրած աղջիկների հոգին: Նույնիսկ այդ վրձինը նուրբ երանգներով կընդգծեր մարդու հոգու ուրախությունը, տեսանելի կլիներ անգամ սահմանին անվրդով կանգնած զինվորը»: /Միրզաբեկյան Յուրա/:
«Կախարդական վրձին գոյություն ունի՞ աշխարհում, չգիտեմ, չեմ տեսել, բայց իմ կարծիքով, խաղաղությունը չենք կարող ստեղծել վրձնով, երբ այն կախված է մարդուց: Եթե իրականում գոյություն ունենար այն, ես կստեղծեի բարի սրտեր ունեցող մարդկանց, ովքեր չէին վնասի իրար, չէին նախանձի միմյանց: Ես կնկարեի ծիածան, որը կպաշտպաներ իմ հայրենիքը, կկատարեի բոլորի երազանքները, չէի թողնի, որ երկինքը սևանա ամոթից ու լացի մարդկանց վատ արարքներից»: /Բեգլարյան Գերտրուդա/:
«Երանի~ իմ կախարդական վրձինը շուտ հայտնվի և ի զորու լինի կատարելու իմ երազանքները, երանի~... Բայց ինձ թվում է` այն իմ ձեռքում կհայտնվի մի քիչ ուշ, որովհետև այն հիմա գտնվում է արարչի ձեռքերում: Ինքներդ կհամոզվեք, եթե պատուհանից դուրս նայեք: Այդ դեպքում ականատես կլինեք գարնան հրաշքներին` զմրուխտ կանաչ, ծաղկուն ծառեր, երփներանգ ծաղիկներ` եղյամապատ ու հրաշագեղ: Իսկ գուցե մի գեղեցիկ օր այն հայտնվել է իմ ձեռքերում, իսկ ես չե՞ մ հասկացել....Օ~, ո՛չ, դա աններելի կլինի, չէ՞ որ ես ուզում եմ այդ վրձնի միջոցով կերտել մեր ապագան` հանգիստ ու խաղաղ»: /Հովհաննիսյան Մերի/:
«Ես այդ վրձնով կնկարեի խաղաղության աղավնիներ, քանի որ մենք ունենք այդ երանելի խաղաղության կարիքը: Կնկարեի երջանիկ կյանք ավետող մի քանի նկարներ, քանի որ մենք ինքներս երջանկության պակաս ունենք, անհոգությունը կփռվեր իմ նկարներում, քանի որ անհոգ մանկություն ենք երազում, և իմ վրձնով կջնջեի պատերազմը երկրի երեսից»: /Մուսայելյան Մալենա/:
«Իսկ ես մարդկանց կնկարեի` գեղեցիկ, ժպտերես, լցված բարությամբ, նրանց հոգին այնքան պարզ կլինի, որքան գարնանային երկինքն իմ աչքերով: Իմ նկարած աշխարհում մարդիկ հանդուրժող կլինեն, իրար ներող, չեն լինի թշնամիներ: Կվերացնեմ անժամանակ եկած այն դաժան մահը, նրան փոխարինելու կգա կարապների սիրո նման այն երեք տառից կազմված սերը»: /Բաղրյան Նարեկ/:
«Ես կենդանիներ կնկարեի, կցանկանայի, որ նրանք էլ կարողանային արտահայտվել, բայց ոչ թե իրենց ոտնահարված իրավունքների, այլ մարդկանց ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի համար, որ պատերազմ են հրահրում: Ես խղճում եմ նրանց, որ լեզու չունեն, սակայն իրենց էությամբ բարձր ու վեհ են շա~տ-շատերից»: /Սարգսյան Էլինա/:
«Ես կապույտ կներկեի Արցախի երկինքը, որ միշտ խաղաղ լինի, սև ամպեր չկուտակվեն մեր գլխավերևում»: /Միրզոյան Աննա/: «Երկնքում աղավնիներ կնկարեի ռմբակոծող ինքնաթիռների փոխարեն: Իմ վրձինը կվերացներ չարն ամբողջ աշխարհում»/Մելքումյան Էլմիրա/:
Երբեմն գուցե չենք հավատում հրաշքների, բայց կյանքում պետք է լինել նաև երազկոտ, ունենալ պայծառ երևակայություն, սակայն չմոռանալ այն մեծ վտանգը, որ մեր կողքին է` սահմանամերձ Մարտակերտում, որի մասին բարձրաձայնում է նոր սերունդը. «Երբեմն հավատում եմ հեքիաթներին ու անուջներին, ես էլ ցանկանում ունենալ կախարդական վրձին, բայց խաղաղությու~ն, միայն խաղաղություն կնկարեի, ուրիշ ոչինչ»: /Մելքոնյան Սոֆյա/:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 30382 անգամ