Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
2017-05-19 10:11:00
ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանը, ինչպես գրել էինք մեր նախորդ հարցազրույցում, պաշտոնից ազատվելուց հետո զբաղվում է մասնավոր գործունեությամբ, բայց անմիջապես բիզնեսով չի զբաղվում, այսինքն՝ իր նախկին կառույցի հետ ուղղակի շփման մեջ չէ։ Իր աշխատած տարիների մասին նա երանությամբ է հիշում եւ անգամ ակնարկում է, որ դեմ չի լինի վերադառնալ պետական ապարատ։
«Եթե համարժեք աշխատանք առաջարկվի, իսկ հենց էնպես, օդի մեջ չի առաջարկվում, Ձեզ ասեմ, եթե համարժեք որեւիցե բան առաջարկվի, ես, իհարկե, կաշխատեմ։ Իմ էս ամբողջ տարիների փորձը, աշխատանքը, էդ անքուն գիշերները, էդ փորձությունները, էդ քննադատությունները, էդ նույն Ձեր գնահատականը, որ մեր ժամանակահատվածում․․․ այո, մեր ժամանակահատվածում եղել է, եւ դա շարունակվելու է, հիշեք, մենք էն հիմքերն ենք դրել, որ էդ համակարգը կատարելագործվի։ Բայց կայացած համակարգ է դա եղել, հիմա պետք է դա կատարելագործել։ Հիմա պարոն Հարությունյանը (ՊԵԿ նախագահին նկատի ունի) կլինի, ով կլինի, ուղղակի ես ենթադրում եմ, որ եթե անպայման հայտարարվում է, որ պետք է էս-էս բաներն անել, մենք էդ հասարակության անդամներ ենք, տեսնում ենք, գնահատում ենք ու ժամանակի ընթացքում տեսնում ենք՝ ինչ պետք է արվի, ինչ է արվում»,-խորհրդավոր կերպով, թերեւս ինչ-որ բաներ հասկացնելով՝ իր մտքերը շարադրեց ՊԵԿ նախկին փոխնախագահը։
- Իսկ ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, թե հենց էնպես, օդի մեջ չի լինում այդ առաջարկը։
- Դա, գիտե՞ք, մեր բյուջետային համակարգն է, մենք գիտենք, թե ինչ նախարարություններ կան, ինչ ոլորտներ կան, ինչ բնույթի աշխատանքներ կան․․․ Ես լավ պատկերացնում եմ, ճիշտն ասած, որ չինովնիկական աշխատանքը, այսինքն՝ էն մարդը, ով չինովնիկ է աշխատել երկար տարիներ, ինձ կհասկանա, թե ես ինչ եմ ասում։ Երբ դու սովորում ես էդ ռիթմին, էդ աշխատաոճին, ճիշտն ասած՝ մյուս ոլորտներում էդքան հաջող չես կարող լինել։ Ինչպես ֆուտբոլիստները, բոլոր հաջողված ֆուտբոլիստները չէ, որ կարողանում են հետո լավ մարզիչ դառնալ։ Հաջողված բյուջետային աշխատողները միշտ չէ, որ կարող են հաջողված բիզնեսմեն դառնալ։
- Ի դեպ, հանդիպո՞ւմ եք Ձեր նախկին ղեկավարի՝ Գագիկ Խաչատրյանի հետ, շփում ունե՞ք հետը։
- Ինչո՞ւ հենց Խաչատրյանի, կներեք․․․ ասեմ՝ ես 20 տարի աշխատել եմ Խաչատրյան Գագիկի հետ եւ միանգամից ասեմ, որ հենց հիմա էլ եմ հանդիպում, եթե առիթ է լինում՝ ամիսը մեկ։ Էն ժամանակները, որ ասում էին՝ ինքն ամերիկաներում է, բան, հանդիպել ենք, զրուցել ենք, իհարկե, ընթացիկ խնդիրներից ենք զրուցել, արած-չարած գործերից ենք զրուցել, իհարկե։ Իր օրոք շա՜տ մեծ աշխատանք է կատարվել։ Ես որ իր տեղը լինեի, ու ինձ էդքան քննադատեին, էդքան չէի լռի, անկեղծ ասեմ։ Ինքը համբերատար․․․ բիզնես, կոռուպցիա, էս համակարգը, էն համակարգը, ինքը համբերատար լսեց, լսեց, լսեց, չէ՞, էդ ամեն ինչը, բայց ես Ձեզ ասեմ, էլի, էնպես չէ, որ Խաչատրյան Գագիկն էն մյուսներից ոչ շահեկանորեն տարբերվում էր, ինքը խնդիր է ունեցել իր առաջ, եւ 2008-2016 թվականը, ես Ձեզ ասեմ, ՊԵԿ-ը մեծ համակարգ է, եւ որեւիցե մեկը, որ էդքան կաշխատի եւ չի ունենա սխալներ, էն ժամանակ կասենք՝ ինքը ճիշտ չի եղել, մեծ աշխատանք է կատարել, կազմակերպչական լուրջ ջիղ ուներ։ Իհարկե, Գագիկ Խաչատրյանն իմ ընկերն է եղել, իհարկե, ինքն ինձ շատ է գնահատել ու էնքան լիազորություններ է տվել, որ ես էդ ռեֆորմներն ամբողջ թափով առաջ տանեմ։ Ես որ հիշում եմ՝ 2010-14 թթ․ ինքն ինչ հնարավորություն էր տվել ինձ, թե ես ինչ խմբեր կարող էի ձեւավորել, ինչ ցուցումներ կարող էի տալ, ինչ ֆինանսատնտեսական միջոցներից կարող էի օգտվել, ռեսուրսները ոնց կարող էի տեղաբաշխել, վստահությունն ինքը տվել էր ու պահանջում էր, եւ դա մեր հաջողությունների ամենամեծ գրավականներից մեկն էր։ Մենք մեծ, երկար ճանապարհ ենք անցել, ես շատ եմ գնահատում էդ ժամանակահատվածը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա դա միշտ է եղել ՊԵԿ-ում, ցավոք սրտի, եւ դա, հիմնականում, պայմանավորված է ցածր աշխատավարձով։ Ես չգիտեմ՝ ինչքան հայրենասեր մարդիկ են պետք, որ իրենք անտեսեն ու կարողանան պետությանը նվիրված աշխատեն։ Մի անգամ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ Դուք էդքան երկար աշխատել եք պետական համակարգում, ասացի՝ երկու բան է պետք՝ հայրենասիրություն եւ աշխատասիրություն։ Եթե հայրենիքդ չսիրես, չես կարող էդ ուշ ժամերին, շաբաթ-կիրակի օրերին վարձատրություն չստանաս ու աշխատես։ Ես կերազեի մասնավոր բանկի ղեկավարի տեղակալի չափ մշտական վարձատրություն ստանալ։
- Բայց հանրությունը տեսնում էր, թե ինչպես էին մարդիկ, պետական պաշտոնի լինելով, շատ արագ հարստանում։
- Եթե էդ մեկն եք տեսել, ես, ճիշտն ասած, իմ աշխատանքի բերումով 101-ն եմ տեսել ու տեսնում եմ։ Մենք դրել ենք մի գծի վրա ու ասում ենք՝ վայ, ինչքան հարստացավ․․․ հետո, էնքան պետական պաշտոնյաներ կային, որ կուզենային բիզնես անել ու հաջողեին, բայց չէր ստացվում։ Իմիջիայլոց, նաեւ մի բան կա, իրականում ես նրա երկու տղաներին էլ ճանաչում եմ, ու էդ երկու տղաները, ինչ Խաչատրյանն էդ համակարգ եկել է, էն ժամանակվանից էլ իր տղաներն էդ բիզնեսով զբաղվում էին։ Կարող էր ինքը խորհուրդ տար, աջակցեր, բայց դա ես ու դու չգիտենք, էդ որ ասում են՝ շատ հարուստ է, կներեք, բոլոր հարուստներն էլ ինչ-որ կերպ առնչություն են ունեցել պետական համակարգի հետ կամ պետական համակարգի հովանավորչությունն են ունեցել, որ ինչ-որ բան հաջողվել է։
- Դո՞ւք էլ եք հարուստների մեջ։ Ի՞նչ կապիտալով եք հեռացել պետական համակարգից։
Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 98023 անգամ